Ի սկզբանե ֆինանսների նախարարությունը որոշել էր, որ պետք է 100 գրամի մեջ 5 և ավելի գրամ շաքար պարունակող ըմպելիքները հարկվեն ակցիզային հարկով. Դա մի կողմից եկամուտներ հավաքելու ֆիսկալ խնդիր էր լուծում, մյուս կողմից նրանք փորձել են դա առողջապահական տեսանկյունից բացատրել։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։
Նրա խոսքով, հետո հանգել են այն մտքին, որ դժվար է լինելու դա վերահսկել, քանի որ Հայաստանում շաքարի պարունակությունը չի նշվում պիտակների վրա։
«Դրա համար իրենց գործը հեշտացրել են, չափանիշը դրել են ոչ թե շաքարը, այլ գազավորված լինելը։ Անգամ նշել են, որ անկախ շաքարի պարունակությունից, գազավորված ըմպելիքները վնասակար են առողջության համար։ Արդյունքում ստացվել էր հետևյալը, որ եթե ինչ-որ մի ըմպելիք թեկուզ արհեստական նյութերով լցված, որը շաքար է պարունակում, գտնվում է հարկման ռեժիմից դուրս, վնասակար չի, իսկ օրինակ ասպարտամ պարունակող գազավորված ըմպելիքը ընկնում է ակցիզային հարկման ռեժիմի տակ, մինչդեռ ասպարտամը առողջության համար վնասակար չէ»,-ընդգծեց Թունյանը՝ հավելելով, որ դա անհասկանալի է դառնում և անգամ խնդրի առաջ է կանգնեցրել զովացուցիչ ըմպելիքներ արտադրող որոշ ընկերությունների։









































