«Երբ լինի առաջարկ, մենք միանշանակ կմասնակցենք, որովհետև ունենք շատ լուրջ առաջարկներ, որոնց մի մասը նախորդ փաթեթում չընդգրկվեց ժամանակի սուղ լինելու պատճառով։ Մեր առաջարկած մեխանիզմն ավելի բարդ էր, բաց ժողովրդավարության տեսանկյունից դա լավագույնը կլինի Հայաստանի համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով երեկ ԱԺ նախագահի՝ քաղաքական ուժերին ընտրական բարեփոխումների մշակման փուլ սկսելու առաջարկին՝ ասաց ԱԺ Լուսավոր Հայաստան կուսակցության խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։
Պատգամավորի խոսքով՝ ինչքան շուտ տեղի ունենան ԸՕ-ի փոփոխությունները, այնքան լավ, որովհետև դրանից հետո քաղաքական բոլոր ուժերը կունենան հավասար հնարավորություն ադապտացվելու նոր իրողություններին։
«Փորձը ցույց է տալիս, որ եթե կա քաղաքական կամք կազմակերպելու արդար ընտրություններ, ցանկացած համակարգով խորհրդարանը ի վերջո ներկայացնում է քաղաքացիներին, բայց, հաշվի առնելով մեր երկրում քաղաքական և նաև կուսակցությունների ոչ մեծ փորձը, դեռևս ամբողջական ժողովրդավարական ձևով կազմավորված չլինելը, մեզ պետք են հատուկ մոտեցումներ և հատուկ լուծումներ, որոնք հարիր են մեր այսօրվա քաղաքական մակարդակին»,-հավելեց նա։









































