Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանը կդառնար 60 տարեկան։ Եթե չլիներ Հոկտեմբերի 27-ը, ինչպիսի՞ իրականություն և ինչպիսի՞ քաղաքական դաշտ կունենայինք այսօր «Առաջին լրատվական»-ի հարցին ՀԱԿ վարչության անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանը պատասխանեց․ «Նախ՝ հավերժի փառքը Վազգենին և բոլոր նրանց, ովքեր սրբագրեցին հողը հայրենի, ովքեր իրենց կյանքի և արյան գնով ծառայեցին վասն հայրենյաց և վասն Արցախի։ Նրանց գործը կարող է գալիք սերունդներին նոր սխրանքների կոչել և կիսատ թողածը շարունակող դարձնել։ Իհարկե, եթե Վազգենը չզոհվեր, ապա ոչ միայն ես, այլ շատերն այն կարծիքին են, որ Հայաստանն այսօր ավելի ամուր կլիներ, ավելի զորեղ կլիներ, և ամենակարևորը՝ ավելի ինքնիշխան կլիներ։ Երբեք չէր դառնա թեկուզ բարեկամ երկրի խամաճիկը։ Նրան ասպարեզից դուրս հանեցին, որովհետև նա Դեմիրճյանի հետ մեր առաջընթացի առումով նոր ռազմավարություն, նոր կոնցեպտներ, նոր հայեցակարգեր, նոր խնդիրներ առաջ քաշեց»։
«Ուստի, այս բոլորը, որ վերլուծում ենք, ապա հասկանում ենք, որ պատերազմում մենք հաղթեցինք ոչ թե զենքի ուժով, այլ ոգու ուժով։ Ճիշտ է՝ այդ տարիներին եղել են նաև սխալներ, բայց մեր տարած հաղթանակի դիմաց այդ սխալները փոքրանում են, որովհետև այդ հաղթանակը պատմական հաղթանակ էր։ Ես գտնում եմ, որ Արցախի ազատագրումը պետք է համարվի մեծ նվաճում, որովհետև, եթե չկա Արցախը, չկա նաև Հայաստանը։ Արցախը ոչ միայն մեր դուռն է, այլ մեր մարմնի կարևոր մի մասն է»,- հավելեց Վարդան Մալխասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։








































