«Երևան՝ իմ սեր» բարեգործական ծրագրի շինարարական աշխատանքների մեկնարկն ազդարարվեց Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և «Երևան՝ իմ սեր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպման ժամանակ: Բարեգործական այս ծրագրի շրջանակում մայրաքաղաքի Կոնդ թաղամասի Սուրբ Հովհաննես եկեղեցու շրջակայքում կիրականացվեն մշակութային արժեք ներկայացնող երեք շենքերի վերականգնման աշխատանքներ:
Ճարտարապետական ուրույն ոճով վերականգնված շենքերից մեկը կծառայի որպես մսուր՝ ծնողազուրկ խուլ ու համր երեխաների համար: Մյուս շենքը կլինի հատուկ կարիքներ ունեցող, անապահով ընտանիքների ու միայնակ մայրերի երեխաների կենտրոն: Երրորդ շենքը կծառայի որպես համայնքային կենտրոն՝ թաղամասի բնակչության համար:
Երևանի քաղաքապետը, գնահատելով ծրագիրը, նշել է, որ այն կնպաստի Երևանն աշխարհին ավելի ճանաչելի դարձնելուն: Բարեգործական այս ծրագիրը, ըստ Կարեն Կարապետյանի, համագործակցության լավ հրապարակ է բազմաթիվ նոր ծրագրերի իրականացման համար. «Սա նաև յուրօրինակ կամուրջ է քաղաքային իշխանությունների և գործարար շրջանակների միջև: Այս գաղափարը կարող է իր շուրջը համախմբել հայրենասեր, գործունյա և բանիմաց մարդկանց»,-նշել է քաղաքապետը:
«Երևան՝ իմ սեր» ծրագիրը ճարտարապետական ժառանգության վերածնման ծրագիր է՝ ուղղված Երևանի ճարտարապետական կարևոր նշանակություն ունեցող շենքերի վերականգնմանն ու պահպանմանը»,- վստահ է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը: Բարձր գնահատելով մայրաքաղաքը բարետես, ներկայանալի, նաև ներդրումային առումով գրավիչ դարձնելու քաղաքապետի նախաձեռնությունները, Արմեն Սարգսյանը հույս է հայտնել, որ այս ծրագրի նախաձեռնությունը վարակիչ կլինի և սկիզբ կհանդիսանա բարեգործական այլ ծրագրերի: Արմեն Սարգսյանը հատկանշել է, որ ծրագրի նվիրատու բարերարների մեծ մասը ազգությամբ հայ չեն, երբեք չեն եղել մեր հայրենիքում, բայց շատ են սիրում Հայաստանը:
«Երևան՝ իմ սեր» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում ճարտարապետական կարևորություն ունեցող ևս երեք շենք կկառուցվի Երևանում: Ինչպես և ծրագրի առաջին փուլի երեք շենքերը, այս շենքերը նույնպես շինարարության ավարտից հետո կծառայեն սոցիալական ծրագրերի իրականացմանը:










































