ՌԴ Պետական դումայի Դաշնության խորհրդի միջազգային գործերի հանձնաժողովի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը ՀՀ նորընտիր ազգային ժողովի հետ համագործակցության հեռանկարներ է տեսնում: Նա նաև կարծում է՝ նորընտիր պատգամավորները Հայաստանում վերջին տարիներին կուտակված շատ խնդիրներ կարող են լուծել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վլադիմիր Ջաբարովը նման տեսակետ հայտնեց Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում:
«Մենք ընդունել ենք Հայաստանի ԱԺ-ի պատվիրակությանը: Ուզում եմ ասել՝ հաճելի էր շփվել երիտասարդ թիմի հետ, քանի որ մարդիկ նոր գաղափարներ ունեին: Ես կարծում եմ, որ վերջին ընտրությունների արդյունքում ընտրված այս պատգամավորները շատ բան կանեն, որպեսզի ուղղեն այն թերությունները և խնդիրները, որոնք կուտակված են եղել հայ հասարակությունում վերջին տարիներին»,-ասաց Ջաբարովը:
Նա համարում է, որ, ընդհանուր առմամբ Հայաստանի ԱԺ պատվիրակության հետ քննարկումներն անցել են կառուցողական, բարեկամական մթնոլորտում: Ջաբարովի կարծիքով՝ հետագա համագործակցության հեռանկարներ կան հայաստանցի պատգամավորների հետ:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով փետրվարի 25-27-ն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում էր: Գլխավորած պատվիրակության կազմում էին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Միքայել Մելքումյանը, Վլադիմիր Վարդանյանը, Լիլիթ Մակունցը, Էդմոն Մարուքյանը, Արման Աբովյանը եւ Անուշ Բեղլոյանը:











































