Եվրամիության խորհուրդը հավանություն է տվել Իռլանդիայի նախկին արտգործնախարար Էյմեն Գիլմորի ԵՄ-ի մարդու իրավունքների գծով հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակմանը: Այս մասին հաղորդվում է կազմակերպության կայքում:
«Հատուկ ներկայացուցչի գործունեության շրջանակը ներառում է մարդու իրավունքների պաշտպանության հարցում ԵՄ քաղաքականության արդյունավետության և թափանցիկության բարձրացմանն օժանդակությունը … Հատուկ ներկայացուցիչը սերտորեն համագործակցելու է եվրոպական դիվանագիտական ծառայության հետ, որը բազմակողմանի աջակցություն կցուցաբերի նրա աշխատանքին», – ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ Գիլմորն այդ պաշտոնում կփոխարինի Ստավրոս Լամբրիդինիսին և մարտի 1-ից կանցնի իր պարտականությունների կատարմանը:
2015-ի հոկտեմբերից Գիլմորը խաղաղ կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ է եղել Կոլումբիայում:










































