Սիրիական ընդդիմությունը նոր ռազմական ղեկավար ունի: Ինչպես հայտնում է Al Arabya հեռուստաալիքը՝ Սիրիայի ազատ բանակի Գերագույն ռազմական խորհրդի ղեկավար է նշանակվել Աբդել Իլյահի Ալ-Բաշիրը: Նա այդ պաշտոնում փոխարինել է գեներալ Սալիմ Իդրիսին, ով 2013-ի սկզբին խոստացել էր մաքրել ապստամբների շարքերն ահաբեկիչներից:
Սիրիայի ազատ բանակի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Սաադեդին Կասեմը լրագրողներին հայտնել է, որ Իդրիսին փոխարինել են սխալների համար: Դեկտեմբերի սկզբին «Իսլամական ճակատի» ջոկատները, որոնք դուրս էին եկել Սիրիայի ազատ բանակի կազմից, գրավել էին նրա շտաբն ու պահեստները Թուրքիային սահմանակից Բաբ-Ալ-Հավա քաղաքոմ: Իդրիսը փախուստի էր դիմել:
Ավելի ուշ մի խումբ դաշտային հրամանատարների կողմից նրա դեմ առաջադրվել էր կոռուպցիոն մեղադրանք: Նրանք հայտնել էին, որ Իդրիսը զենքի ու զինամթերքի առևտուր է արել և վերավաճառել դրանք ծայրահեղական խմբավորումներին:
Նոր հրամանատարը ղեկավարել է ապստամբների հարավային ճակատը Ալ-Կունեյտրա նահանգում: Ինչպես Իդրիսը՝ Ալ-Բաշիրը նույնպես լքել է սիրիական զինված ուժերը 2012-ին:









































