«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է նախկին խորհրդային դիսիդենտ և քաղբանտարկյալ, իրավապաշտպան, հրապարակախոս, ներկայում Ֆրանսիայի միջազգային ռադիոյի (RFI) թղթակից Ալեքսանդր Պոդրաբինեկը:
– Պարոն Պոդրաբինեկ, ուկրաինական զարգացումներից հետո դժվար է Ուկրաինային պատկերացնել Ռուսաստանի նախաձեռնած ինտեգրացիոն միությունների կազմում, այնինչ հայտնի է, որ ՌԴ նախագահ Պուտինը այս պրոյեկտների հաջողությունը կապում էր նաև Ուկրաինայի մասնակցության հետ: Ի՞նչ է սպասվում ՌԴ միջազգային նոր նախաձեռնություններին:
– Այդ ինտեգրացիոն ծրագրերը չէին հաջողվի նույնիսկ այն պարագայում, եթե անգամ Ուկրաինան մասնակցեր դրանց: Պարոն Պուտինի այդ պրոյեկտները փորձ են վերադարձնել երեկվա օրը, որոշակիորեն ռեստավրացիայի ենթարկել Խորհրդային Միությունը և զգալ հզոր իմպերիական դերժավա: Պարոն Պուտինը խիստ ետ է մնում ժամանակից, և Ուկրաինան դրա վառ ապացույցն է, որովհետև Ուկրաինան պարոն Պուտինի այդ պրոյեկտում համարվում էր չափազանց կարևոր օղակ, քանի որ հստակ է, որ Ուկրաինան հզոր եվրոպական դերժավա է, և այս կամ այն կերպով նրա ներկայությունը ռեստավրացված ԽՍՀՄ-ում էական ու կարևոր կլիներ: Բայց իրականում Ուկրաինան գնաց այն ուղով, որով արդեն անցել են Բալթյան երկրները, Վրաստանը, որոշակիորեն Մոլդովան, և այս ճակատագիրն է սպասվում հետսովետական բոլոր երկրներին` ոմանց ավելի շուտ, ոմանց ավելի ուշ, սակայն ազատագրվելով սովետական և ռուսական ազդեցությունից` նրանք կդառնան իրականում անկախ պետություններ, իրենք ազատորեն կընտրեն իրենց զարգացման վեկտորը:
– Ուկրաինական Մայդանը պայքարում է Ուկրաինայի եվրոպական երազանքի համար, բայց ԵՄ-ի արձագանքն իրավիճակին համարժեք չէ: Փաստորեն, Պուտինն այսօր ավելին է առաջարկում, քան ԵՄ-ն, ավելի մեծ գումարներ, քան ԵՄ-ն:
– Խնդիրը գումարի մեջ չէ, և ԵՄ-ի արձագանքը չի կարող ադեկվատ համարվել, որովհետև ԵՄ-ի սառը արձագանքի հիմնական պատճառն այն է, որ եվրոպացիները չեն կարողանում գործ ունենալ Յանուկովիչի ռեժիմի հետ: Յանուկովիչի կառավարության մասնակցությամբ եվրաինտեգրացիան նոնսենս է, որովհետև Յանուկովիչի Ուկրաինան հիմնված է ավելի շուտ ՌԴ-ի վրա, քան Եվրոպայի: Իհարկե, պարոն Յանուկովիչն ու պարոն Պուտինը, մյուս հետսովետական երկրների ղեկավարները սովոր են խաղաղ երկու, երեք ճակատների ուղղությամբ` հաջողակ քաղաքական գործիչներ ձևանալով, խաղեր խաղալով մեկ այս ուղղությամբ, մեկ՝ այլ, ինչպես հաճախ անում է Լուկաշենկոն, բայց արդյունքում նրանք մնում են ձեռնունայն: Ես կարծում եմ, որ ԵՄ-ն շատ լավ հասկանում է, որ իրականում Ուկրաինան կարող է ինտեգրվել Եվրոպային միայն այն բանից հետո, երբ հեռանա Յանուկովիչը, և կգա այնպիսի իշխանություն, որը կլինի ավելի ժողովրդավար և միատար:
– Այսինքն` Ձեր տպավորությամբ, Եվրոպան սպասում է արտահերթ ընտրությունների՞:
– Ես կարծում եմ, որ նրանք սպասում են էական փոփոխությունների: Այսօր Մայդանի փոփոխությունները մտածողության փոփոխություններ են, ոչ տնտեսական և ոչ էլ քաղաքական, սա երկրի ձգտումն է ազատության և եվրոպական ուղուն, ժողովրդավարության, իրավական համակարգի, սա այն է, ինչին դեմ են գնում Պուտինի և Յանուկովիչի իշխանությունները, նաև հետսովետական այլ երկրների իշխանությունները: Սա Ուկրաինայի անջատումն է սովետական բլոկից: Ինձ թվում է` միգուցե դրանք չափազանցված սպասումներ են, Ուկրաինան անվերադարձ հեռանում է սովետական համակարգի արժեքներից, այն ԽՍՀՄ-ից, որը փորձում են ռեստավրացնել: Դատելով այս շարժման մասշտաբից՝ ազատությանն ուղղված պայքարը արդեն դժվար թե հնարավոր լինի դադարեցնել:
– Գիտեք, որ Հայաստանը որոշել է միանալ Մաքսային միությանը: Դուք կարծում եք, որ Հայաստանը չունի՞ ապագա ՄՄ-ում, քանի որ ՄՄ-ն ընդհանրապես չունի ապագա:
– Ես կարծում եմ, որ ՄՄ-ն չունի ապագա այն տեսքով, որով այսօր է ներկայանում: Հնարավոր է, երկրները, որոնք միացել են ՄՄ-ին, դառնան ՌԴ-ի վասալները, բայց այդ միությունը, որով ներկայանում է, այդպիսի միություն գոյություն չունի: Ինձ թվում է, որ վաղ թե ուշ Հայաստանին սպասում է ուկրաինական Մայդանի ճակատագիրը, երբ ակնհայտ կդառնա, որ հնարավոր չէ միաժամանակ լինել և՛ ՌԴ հետ, և՛ Եվրոպայի: Այսինքն՝ ստիպված կլինի ընտրություն կատարել ինչ-որ մեկի օգտին: Ես կարծում եմ, որ գործընթացներն անխուսափելի են: Ժամանակի ընթացքում ռուսական փորձի բացասականությունն ավելի ակնհայտ է դառնալու, անհեռանկարային, կարծում եմ, որ Հայաստանում նոր ժողովրդավարական նախաձեռնություններ կլինեն, ժողովրդավարական ուժեր, որոնք կփորձեն այնպես անել, որ երկիրն անկախ լինի ՌԴ-ից: Մեր երկրների, այդ թվում` ՌԴ-ի համար եվրոպական զարգացման ուղին է միայն հեռանկարայինը:











































