Netflix օնլայն կինոթատրոնը պարտվել է «Օսկարի» լավագույն անվանակարգի համար մրցապայքարում, սակայն Հոլիվուդի հետ պատերազմը դեռ նոր է սկսվել, հաղորդում է NBC News հեռուստաալիքը:
Լոս Անջելեսում տեղի ունեցած «Օսկարի» 91-րդ մրցանակաբաշխության նախօրեին «Հոլիվուդի հին գվարդիան» դժվարին գիշերվա էր պատրաստվում, որի ընթացքում «Լավագույն ֆիլմ» անվանակարգում Netflix-ի «Ռոմա»-ի հաղթանակը կարագացներ ավանդական կինովարձույթի «մահը»: Netflix-ի և Ալֆոնսո Կուարոնի «Ռոմա» ֆիլմի մեծ հաղթանակը կվատթարացներ ստուդիաների և մուլտիպլեքս ցանցերի վիճակը, նշում է հեռուստաալիքը:
«Netflix-ը չհաղթեց «Լավագույն ֆիլմ» անվանակարգում, չնայած որ գովազդային արշավի վրա 25-ից 30 միլիոն դոլար էր ծախսել: Այսքան տառապանքներից հետո այս առավոտը երանելի է թվում»,- արարողությունից հետո Հոլիվուդի ժամանցի արդյունաբերության առաջատարներից մեկն ասել է NBC-ին:

Netflix-ը Հոլիվուդի ամենահայտնի մրցանակը չստացավ և պարտվեց «Օսկարի» գլխավոր անվանակարգում, սակայն, միաժամանակ ստրիմինգային ծառայությունը տպավորիչ սխրագործություն կատարեց, նշել է հեռուստաալիքը:
Գրեթե երկու տասնամյակի ընթացքում Netflix-ը DVD ծառայությունից հասել է դարաշրջանը բնութագրող համաշխարհային ժամանցային հզոր ուժի: NBC-ն նշում է, որ Netflix-ը և այլ ստրիմինգային հարթակներ՝ Amazon-ը և Hulu-ն, ինչպես նաև «հին դպրոցի» հսկաներ, ինչպիսիք են Disney-ը և WarnerMedia-ն, լուրջ սպառնալիք են հին բիզնես-մոդելների համար:









































