Հայ-ռուսական հարաբերությունները քննարկելու նպատակով «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանին և տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Վերանյանին:
Անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության մոսկովյան այցին՝ Լեոնիդ Ներսիսյանը կարևորեց երկու երկրների միջխորհրդարանական կապերի զարգացումը: Նրա խոսքով՝ թավշյա հեղափոխությունից հետո առաջացել էր որոշակի վակուում այդ ֆորմատում. «Այս հանդիպումը քիչ կարևոր չէ, քան երկու երկրների ղեկավարների հանդիպումը, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ ավելի կարևոր: Այստեղ համագործակցությունը կարող է զարգանալ ամենատարբեր ուղղություններով»:
Կարեն Վերանյանը ևս կարծում է, որ խորհրդարանի ձևավորումից հետո անհրաժեշտ էր լիովին ներգրավվել միջխորհրդարանական գործունեությանը և համագործակցության ընդլայնմանը՝ ոչ միայն Ռուսաստանի հետ, այլ նաև այլ երկրների հետ. «Այս աշխատանքային այցը շատ կարևոր է և ունի նախևառաջ ճանաչողական մեծ նշանակություն՝ և՛ անձնական, և՛ ինստիտուցիոնալ մակարդակներում»:
Նրա խոսքով՝ այդ կազմով պատվիրակության այցը վկայում է երկկողմ հարաբերությունները զարգացնելու կողմերի բարձր տրամադրվածության մասին:
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների վերջին 7-8 ամիսների դինամիկային՝ Լոնիդ Ներսիսյանն ընդգծեց՝ իհարկե, եղել են և ճգնաժամային պահեր՝ կապված Խաչատուրովի, ՀԱՊԿ-ի հետ. «Ես կարծում եմ՝ հենց նման միջխորհրդարանական հանդիպումները պետք է ամրապնդեն վստահությունը»: Կարեն Վերանյանը, սակայն, չի կարծում, որ երկկողմ հարաբերություններում ճգնաժամային խնդիրներ են եղել:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:











































