Այսօր Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2019 թվականի հունվար ամսվա մակրոտնտեսական ցուցանիշները, որոնցից ամենակարևորի՝ տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) գծով արձանագրվել 6.1 տոկոս աճ։ Ընդամենը։ Սովորական, նորմալ պայմաններում ՏԱՑ-ի 6.1 տոկոսանոց աճը կարելի էր համարել օրինաչափ ցուցանիշ, որը վկայում է տնտեսության համաչափ, հանդարտ զարգացման մասին։ Բայց մենք ապրում ենք երկրում, որի իշխանությունը հռչակել է տնտեսական հեղափոխություն իրականացնելու նպատակադրում, ինչը ենթադրում է աննախադեպ, ոչ ստանդարտ լուծումներ ու քայլեր ու դրանց համապատասխան ցուցանիշներ։
Իհարկե, կարելի է ասել, որ 2019 թվականի հունվար ամսվա ցուցանիշները դեռևս առաջին ամսվա ցուցանիշներ են, որ կառավարության ծրագիրն ընդունվել է հունվարի կեսին միայն և այլն, և այդպես շարունակ։ Եթե խնդիրը ցածր ցուցանիշներն արդարացնելն է, ապա կարելի է բազմաթիվ հակափաստարկներ բերել։ Բայց երբ խնդրին նայում ենք կառավարության հռչակած տնտեսական հեղափոխության տեսանկյունից, ապա ստիպված ենք արձանագրել, որ ՏԱՑ-ի 6.1 տոկոսանոց ցուցանիշը, մեղմ ասած, վատ մեկնարկ է կամ ֆալստարտ։
Բանն այն է, որ տնտեսական հեղափոխություն հռչակած պետությունը պետք է այդ հեղափոխության մեկնարկային ժամանակաշրջանը սկսեր այնպիսի բարձր նոտայով, որը հնարավորություն կտար առաջիկա ամիսներին, թեկուզև ոչ այնքան բարձր ցուցանիշներով, ապահովել տնտեսության թռիչքաձև զարգացում։
Մյուս կողմից, սակայն, ՏԱՑ-ի այս ցուցանիշը պետք է միանգամայն նորմալ ու բնական համարել, եթե խնդրին նայում ենք ոչ թե կառավարության ամպագոռգոռ հռչակումների, այլ կառավարության ծրագրերի ու քայլերի հարթությունում։ Կառավարությունը նույն հունվար ամսին Ազգային ժողով է ներկայացրել իր գործունեության ծրագիրը, որը ոչ միայն հեղափոխական չէր, ոչ միայն աննախադեպ չէր, այլև որպես ծրագիր և որպես տնտեսական զարգացման ցուցանիշներ պարունակող փաստաթուղթ շատ խղճուկ էր ու համեստ. կառավարության ծրագրով նախատեսվում է ապահովել տարեկան միջինը 5 տոկոս տնտեսական աճ, ինչին շատ համապատասխան է ՏԱՑ-ի 6.1 տոկոսանոց աճի ցուցանիշը։
Իհարկե, անգամ իշխանության ներկայացուցիչներն են ազնվորեն խոստովանում, որ հիասթափված են այս ցուցանիշով, որ ավելին էին ակնկալում, սակայն նրանք չպետք է հուսախաբվեն. սա այն է, ինչին ընդունակ է կառավարությունը իր ծրագրով և գործնական քայլերով։ ՏԱՑ-ի այս ցուցանիշը այն իրողության վկայությունն է նաև, որ կառավարությունը չունի տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար անհրաժեշտ ռազմավարական, հայեցակարգային հենք։ Իսկ օպերատիվ կառավարմամբ, ինչով իրականում զբաղվում է կառավարությունը, հնարավոր չէ տնտեսական հեղափոխություն ապահովել։ Նման ռազմավարության, հայեցակարգի առկայության դեպքում արդեն գոնե դրված կլինեին ավելի մրցունակ տնտեսության հիմքերը, որը կարող էր տեսանելի լինել, ասենք, արտահանման ցուցանիշներում։ Մինչդեռ 2019 թվականի հունվարին արձանագրվել է արտահանման 20 տոկոսանոց անկում, ինչը հիմնականում պայմանավորված է հանքարդյունաբերության անկմամբ, դա էլ իր հերթին՝ Թեղուտի ու Ամուլսարի ծրագրերի շուրջ առաջացած խնդիրներով։
Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից անցել է տասն ամիս։ Դա բավարար ժամանակ չէ տնտեսական շոշափելի հաջողություններ արձանագրելու համար, սակայն միանգամայն բավարար է տնտեսական զարգացման նախադրյալներ ստեղծելու համար։ Վիճակագրական ծառայության տվյալները վկայում են, որ այդ նախադրյալներն ամենևին ստեղծված չեն, և առաջիկայում էլ Հայաստանի տնտեսությունը շարունակելու է իներցիոն զարգացումը։ Այդ զարգացումն արձանագրելու է միջին, երբեմն գուցե՝ միջինից բարձր մակրոտնտեսական ցուցանիշներ, սակայն այդ զարգացումը որևէ կերպ չի դառնալու տնտեսական հեղափոխության հիմք։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տնտեսական հեղափոխության իրագործման համար քաղաքացիներից պահանջում է վերափոխվել։ Իրականությունն այն է, որ իշխանության ներկայացուցիչներն իրենք՝ անհատապես, և կառավարությունը՝ որպես ամբողջություն, վերափոխման կարիք ունեն։ Քաղաքացիները սպասում են այդ վերափոխմանը։









































