«Գազպրոմը» կարող է սկսել Ուկրաինային վաճառվող գազի գների իջեցումը միայն մեկ պայմանով` եթե «Նավթոգազ Ուկրաինան» միավորվի «Գազպրոմի» հետ: Այս մասին հայտարարել է ռուսաստանյան մոնոպոլիստ ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը: «Մենք կարող ենք ընդառաջել մեր ուկրաինացի գործընկերներին միայն այն դեպքում, երբ տեսնենք, որ սա մեկ ընկերություն է»,- ասել է Միլլերը: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
Նա հիշեցրել է, որ Ուկրաինան մշտապես դիմում է Ռուսաստանին գազի գները իջեցնելու համար, իսկ Ռուսաստանը նախկինում առաջարկում էր միավորել «Նավթոգազն» ու «Գազպրոմը»: «Մեր տեսլականը հետևյալն է. «Նավթոգազն» ու «Գազպրոմը» կարող են ընդհանուր առմամբ լուծել նավթի գների իջեցումը` համաձայնելով միավորման և միասնական ընկերություն ստեղծելու առաջարկությանը»,- հավելել է Միլլերը: Այդ ժամանակ կլինի նաև միասնական գնային քաղաքականություն,- ասել է Միլլերը:
Ուկրաինացիները համարում են, որ գազի գներն անարդարացի բարձր են Ուկրաինայի համար և պայմանավորված են Ուկրաինայի նախկին վարչապետ Տիմոշենկոյի օրոք ձեռք բերված համաձայնություններով, որոնք երկրին հարյուր միլիոնավոր դոլարների վնաս են հասցնում: Իսկ ռուսների առաջարկած միավորման ծրագիրը ոչ այլ ինչ է, քան նրանց կողմից ուկրաինական հսկային կլանելու փորձ: