Վերջին տասը տարիներին Ադրբեջանի և Վրաստանի հարաբերությունները լուրջ առաջընթաց են գրանցել, Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության տարիներին Ադրբեջանը վրացական տնտեսության մեջ հսկայական ներդրումներ է կատարել, մինչդեռ Հայաստանը փոխհարաբերությունների սերտացման գործում պասիվ դիրք է գրավել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանը:
«Ադրբեջանը Վրաստանի համար ավելի ու ավելի կարևոր գործընկեր է դառնում, քանի որ այդ նպատակով լուրջ ռեսուրսներ է ներդնում: Բացի դրանից՝ ավելանում են միջազգային համատեղ նախագծերը, որոնցում ներգրավված է ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Վրաստանը: Մինչդեռ Հայաստանի պարագայում նման նախագծեր չկան, ներդրումներ և տնտեսական հետաքրքրություններ ևս չկան: Հայաստանը Վրաստանի համար կարևորություն ներկայացնում է որպես դաշնակից հարևան, որը սփյուռքի մեծ ներուժ ունի, ներուժ, որը, սակայն, այդպես էլ չի օգտագործվում:
Ես այսօրվա դրությամբ չեմ տեսնում փոխգործակցության մի ոլորտ, որ Հայաստանը կառաջարկի Վրաստանին: Այս ամենը հաշվի առնելով՝ պետք է ասել, որ վրաց-ադրբեջանական սերտացող հարաբերություններն ավելի քան տրամաբանական են»,- ասաց Առնոլդ Ստեփանյանը:
«Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահը համոզմունք հայտնեց, որ հայ-վրացական հարաբերությունների զարգացման համար Հայաստանը պետք է լուրջ քայլերի դիմի: «Հնարավոր է՝ հայկական կողմն այս ուղղությամբ մտածում կամ քայլեր է ձեռնարկում, սակայն առայժմ արդյունքերը դեռևս չեն երևում: Եթե Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, տարածաշրջանային առաջին այցն Ադրբեջան կատարելուց անմիջապես հետո չժամանի նաև Հայաստան, կնշանակի՝ Վրաստանի համար հայ-վրացական հարաբերություններն այնքան էլ կարևոր չեն, և դրանց այնքան էլ մեծ ուշադրություն չի դարձվում»,- ասաց նա:
Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ֆյոդոր Թորոսյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ արդեն երկու տարի է՝ ակնհայտ է, որ Վրաստանի արտաքին թիրախները փոխվել են: «Սա կանխատեսելի փաստ էր, մանավանդ հայաստանյան իշխանությունների իներտության և վարած արտաքին քաղաքականության ֆոնին: Անշուշտ, հայ-վրացական հարաբերություններն այն մակարդակին չեն, ինչ որ վրաց-ադրբեջանական կամ վրաց-թուրքական հարաբերությունները: Եվ սա իր պատճառներն ունի: Հայաստանը, փաստացի, գնում է դեպի Մաքսային միություն, մինչդեռ Վրաստանը՝ ԵՄ: Միաժամանակ, չի բացառվում, որ Հայաստանն ո Վրաստանը փորձեն դիվիդենտներ շահել երկու կողմից էլ»,- ասաց վրացահայ գործիչը:
Ֆյոդոր Թորոսյանի խոսքով՝ որպես ռազմավարական գործընկերներ՝ Վրաստանի համար առավել նախընտրելի են Ադրբեջանն ու Թուրքիան: «Հայաստանը Վրաստանի վրա ազդելու որոշակի լծակներ չունի: Մինչդեռ Վրաստանը, հաշվի առնելով կոմունիկացիոն ուղիները, Հայաստանի նկատմամբ գերակա դիրք ունի: ՄՄ-ի հետ առնչվելու համար Հայաստանն օգտագործելու է վրացական տարածքները, այնպես որ այս իրավիճակում հաղթաթուղթը Վրաստանի ձեռքում է»,- ասաց վրացահայ պատգամավորը՝ հավելելով, որ մեր երկիրը Վրաստանի համար վստահելի գործընկեր չի կարող համարվել և լուրջ գործընկերոջ տպավորություն չի թողնում:











































