Սովետական հիմնին վերադառնալու թեմայի բովանդակությանը չեմ ուզում անդրադառնալ, քանի որ դա շատերի կողմից, այդ թվում իմ կողմից, կարծես, բոլոր կողմերից քննարկվել է: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը:
«Եթե կարճ ասենք, ապա, հիմնի փոփոխության խնդիրը երաժշտագիտական չէ, այլ քաղաքական է և պատմական: Սա և սկզբունքորեն է այդպես, և ընթացիկ իմաստով: Ընթացիկ ասելով, նկատի ունեմ, որ քաղաքական դաշտում հիմնի թեման բարձրացնողների համար Խաչատրյանի և այլնի մասին խոսակցությունն միայն առիթ են, իսկ իրական կոնտեքստը քաղաքական է»,-ասաց նա: Հրապարակախոսի դիտարկմամբ, այսօր հիմնի շուրջ քննարկումները մտել են այն փուլ, երբ դասականի ասված, երբ պատմությունը կրկնվում է, այն կրկնվում է ծաղրի տեսքով.
«Պետական խորհրդանիշի մասին թեման ցավալիորեն այսօր արդեն անլրջացվել է, և մեղավորը հենց թեման բարձրացնող ԱԺ փոխնախագահն է, որը նեղանում է և չի հասկանում, որ ոչ ոք բացի իրենից մեղավոր չէ, որ և ինքն է ձեռք բերում ծաղրածուի իմիջ, և իր բարձրացրած թեման է անլրջացնում, և միաժամանակ իր ներկայացրած քաղաքական ուժին է վնասում: Հանրային կյանքում պետք է շատ զգույշ լինել: Տարիներով ձեռք բերված վաստակը, կարող է մեկ օրում զրոյանա, մանավանդ, եթե չես կարողանում ճիշտ ժամանակին կանգ առնել»: Հրանտ տեր-Աբրահամյանը մանրամասնեց, թե որն է թեման անլրջացնելը.
«Երբ խոսվում է «այլընտրանքային հիմն» ունենալու մասին, անհասկանալի կարգավիճակով հանձնաժողով ստեղծելու մասին, երբ ֆեյսբուքի էջում խոսակցությունը նույնացվում է հանրային քննարկման հետ, երբ ԱԺ փոխնախագահի կարգավիճակ ունեցողը պետական սիմվոլի թեմայի մասին խոսալիս, դա ներկայացնում է որպես անձնական կարծիքի արտահայտություն, երբ նախապես երևի չհաշվարկելով հնարավոր արձագանքների սպեկտրը, նեղանում և «դուռ է շրխկացնում», կորցնում է հավասարակշռությունը, ապա այս ամենը այլ կերպ քան թեմայի անլրջացում հնարավոր չէ կոչել»:
Ըստ նրա, երեք վարկած կա, թե ինչու է թեման բարձրացվել. «Առաջինի կողմնակիցներն ասում են, որ սա անձնական նախաձեռնություն է, այպես ասած «պարապ վախտի խաղալիք»: Ըստ երկրորդի՝ այս թեման հատուկ է ստեղծվել, հանրության ուշադրությունն այլ՝ ավելի կարևոր թեմաներից շեղելու համար: (֊Չգիտեմ ինչո՞ւ է մարդկանց թվում, որ պետական օրհներգի թեման պակաս կարևոր է, քան ասենք, պրեմիաների թեման, երևի արժեհամակարգի խնդիր է՝ հայրենիքն է կարևոր թե՞ փողը): Վերջապես երրորդ վարկածի համաձայն՝ թեման կարող է ունենալ որոշակի՝ ոչ թափանցիկ քաղաքական նպատակ, քաղաքական ինչ որ ազդեցության արտահայտություն լինել»:
Երրորդ վարկածի կողմնակիցները, ըստ Տեր-Աբրահամյանի, նկատում են, որ Սովետական հիմնի վերադարձի թեման, որը նոր չէ, և 90-ականներից ի վեր բարձրացվել է անկախության գաղափարին չհաշտված նախկին նոմենկլատուրային մտավորականության կողմից, ունի հստակ կոնտեքստ, որոշակի «փաթեթի» մաս է. «Այս փաթեթի մեջ է մտնում, օրինակ ռուսական դպրոցների վերաբացման խնդիրը, Արամ Մանուկյանի կամ Նժդեհի արձանների տեղադրմանը դեմ լինելու դիրքորոշումը և այլն: Կարող է թվալ, որ սրանք ակտուալ հարցեր չեն: Իրականում, ոչ հրապարակայնորեն ռուսական դպրոցների վերաբացման թեման միշտ էլ կա, միշտ էլ փորձ է արվում դա «տակից» բարձրացնել:
Զարմանալի է, որ «Իմ քայլը» ներկայացնող մարդը բարձրացնում է մի թեմա, որը նույն կոնտեքստի մեջ է, ինչ այսօր բանտում նստած հայտնի անձնավորության կողմից «Ազատության հրապարակը» «Թատերական» կոչելու հետ: Հետաքրքիր է, որ լրատվամիջոցների և ֆեյսբուքյան «աշխատողների» մի հատված, որն այսօր ակտիվորեն լծված է հականիկոլական քարոզչությանը, անտեսում է հիմնի թեման կամ էլ պնդում է, որ դա «շեղող» օրակարգ է: Մինչդեռ թվում է, որ սա մի հիանալի առիթ է թիմի անդամներից մեկի միջոցով հարվածել Նիկոլին: Խոսքը հենց մի մասի, այլ ոչ բոլորի մասին է»:
Հրանտ Տեր-Աբրահամյանը նկատում է, որ քաղաքականության մեջ մեծ հաշվով էական չէ գիտակցված ես մտնում ինչ որ կոնտեքստի մեջ, թե՞ պատահմամբ. «Եթե պատահմամբ ես անում, առանց գիտակցելու, ուրեմն, քաղաքական չես մտածում, չես հասկանում, քո տեղում չես: Կամա թե ակամա, բայց ԱԺ փոխնախագահը մի կոնտեքստի մեջ է մտել, որը եթե զարգացում ստանա, կարող է հետևանքներ ունենալ: Հաջողման դեպքում, հայտնվելու են թեմայի «եղբայրները», օրինակ նույն ռուսական դպրոցների հարցը և այլն: Չի կարելի խաղալ սովետական ռևանշիզմի հետ գոնե այնքան ժամանակ, քանի դեռ դա մեր հարևան մեծ պետության փաստացի պաշտոնական գաղափարախոսությունն է:
Միայն շատ տարօրինակ մարդը, զբաղեցնելով բարձր պաշտոն չի հասկանա, թե ինչի հետ է խաղում «անձնական կարծիք» ներկայացնելով: Իսկ եթե դա ինչ որ «հանճարեղ սխեմա է» թեմա շեղելու, ապա դրա հեղինակներին էլ խորհուրդ կտամ մտածել, որ տեխնոլոգիաները կոչված են սպասարկել քաղաքականությունը, այլ ոչ թե ձևավորել այն: Եթե վաղը նման խաղերի արդյունքում, դրսից սկսվի արծարծվել նաև ռուսական կրթության թեման, ապա հեշտ չի լինի դրա տակից այնպես դուրս գալ, որ համ չնեղացնես քո դաշնակցին, որն առանց այդ էլ կասկածներ ունի, համ էլ թեման փակես: Շատերին սա կարող է չափազանցություն թվալ: Իսկ ես խորհուրդ կտայի ավելի լուրջ վերաբերվել ամեն հնարավոր նրբերանգի, որովհետև նման նրբություններից է հաճախ հյուսված քաղաքականությունը»:
Հրապարակախոսի ներկայացմամբ, հենց դա է պատճառը, որ ինքն ու շատ մարդիկ սկզբում անդրադառնալով խնդրի բովանդակությանը, հետագայում, երբ թեման զարգացավ կոշտ դիրք, կոշտ հակադրություն ձևակերպեցին. «Կան թեմաներ, որոնք պետք է այսպես ասած «բնում խեղդվեն»: Ինչպես էր, օրինակ, «ավտորիտար Իրանի» թեման, որի հեղինակն ի պատիվ իրեն ինքն արագ հասկացավ և շտկեց իր սխալը: Քաղաքական, հրապարակային խոսքը «կարծիք հայտնելու» համար չի: «Կարծիքը» հայտնում են ընկերական խոսակցություններում, տանը և այլն: Քաղաքական խոսքը այս կամ այն ուղղությամբ քաղաքական ազդեցություն գործելու համար է:
Գուցե բարդ է սա հասկանալ մարդկանց, որոնք քաղաքական մտածողություն չունեն: Ոչ թե ԱԺ փոխնախագահը կամ պատգամավորը միայն, նույնիսկ ֆեյսբուքում քաղաքական գրառումներ անողը սա պետք է հաշվի առնի, և եթե մի քիչ քաղաքական փորձ ունի, միշտ էլ հաշվի է առնում: Կներեք, անհամեստության համար, բայց նույնիսկ ես, լինելով մեծ հաշվով ազատ քաղաքացի և սահմանափակումներ չունենալով, երբևէ նույնիսկ ֆեյսբուքյան գրառման մակարկադակում սոսկ «կարծիք», ինքնանպատակ տեսակետ չեմ հայտնել: Ես գրում եմ միայն, եթե կա քաղաքական որևէ կոնտեքստի վրա ազդելու՝ հակադրվելու կամ էլ նպաստելու խնդիր: Այլ բան է, որ կարող եմ սխալվել, բայց այդ սկզբունքը միշտ էլ պահել եմ գոնե ավելի հասուն տարիքում: Էլ ո՞ւր մնաց ԱԺ իշխող ուժի ներկայացուցիչն ինչ որ «կարծիքներ» հայտնի: Կներեք, ի վերջո, մսուր-մանկապարտեզ չի»:
Հրապարակախոսը վստահություն հայտնեց, որ «Իմ քայլը» դաշինքի անդամների մեծամասնությունը շատ լավ հասկանում է այս ամենը. «Այդ մարդիկ՝ անկախ կարևոր կամ ոչ կարևոր տարաձայնություններից, անկախության գաղափարի կրողներներ են, նաև քաղաքական բազմաթիվ գործընթացներով անցած են: Հենց այս մարդկանց և ընդհանրապես «Իմ քայլին» մեծ վնաս է բերում արդեն ծաղրի վերածված պետական օրհներգի փոփոխության թեման: Հեղափոխական ուժի ներսից, որն ընկալվում է լրիվ այլ՝ անկախական գաղափարական դաշտում, հանկարծ մի թեմա է հայտնվում, որը հարիր է «Թատերական հրապարակի» «գաղափարաբանության» կրողներին»,- իր խոսքն ամփոփեց Հրանտ Տեր-Աբրահամյանը:









































