«Ոչ Մաքսային միությանը», «Ոչ կոռուպցիային», «Ոչ մաֆիային», «Ոչ օլիգարխիային», «Ոչ գործազրկությանը»՝ հունվարի 30-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Չեխիա կատարած պաշտոնական այցի ընթացքում Պրահայում բնակվող մի խումբ հայեր, «Հայկական վերածնունդ» շարժման առաջնորդությամբ, այս կարգախոսներով բողոքի ակցիա անցկացրեցին Չեխիայի նախագահական նստավայրի դիմաց:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Հայկական վերածնունդ» շարժման Պրահայի մասնաճյուղի ներկայացուցիչ Բագրատ Առաքելյանը տեղեկացրեց, որ հայերին ակցիայի էին դուրս բերել ՀՀ-ում տիրող բարքերն ու իշխանությունների միանձնյա որոշումները, որոնց կիզակետում Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի ՄՄ-ին միանալու որոշումը, քանի որ Պրահայում շատ հայեր են հասկանում, որ մտնելով ՄՄ, Հայաստանը կորցնելու է իր տնտեսական անկախությունը՝ ՀՀ-ն ՄՄ կազմում իրավունք չի ունենա ինքնուրույն մի շարք բնագավառներում որոշումներ ընդունել առանց ՄՄ անդամ երկրների համաձայնության: Բացի սրանից, ըստ նրա, ՄՄ անդամակցությունը վտանգավոր է:
«Ասելով ՄՄ՝ մենք հասկանում ենք 3 դիկտատուրա՝ ՌԴ-ն՝ Պուտինի գլխավորությամբ, Բելառուս՝ Լուկաշենկոյի, Ղազախստանը՝ Նազարբաևի գլխավորությամբ, որը տարիներ շարունակ իր պետության ղեկին է, ինչը դեմ է ժողովրդավարությանը: Հիմա փաստորեն ՀՀ-ն գնում է դեպի ՄՄ: Ինչ որ տեղ նույնիսկ սա «հասկանալի է», քանի որ Եվրոպայի ուղղությամբ շարժվելու դեպքում հայաստանյան պետական մարմինները պետք է մաքրվեին, զերծ մնային կոռուպցիայից, մոնոպոլիաներից, օլիգարխիայից և այլն, և այլն, որն այսօրվա պայմաններում հնարավոր չէ, որովհետև այդ մոնոպոլիաները, օլիգարխները կանգնած են իշխանության մոտ, ուստի իրենք էլ մասնակցվում են որոշումների կայացման գործին: Ուստի, չեմ ասի, որ հայկական համայնքն ամբողջությամբ, հայկական համայնքի ներկայացուցիչները եկել էին պարզապես իրենց ցավը հայտնելու, մարդիկ եկան իրենց կամքն արտահայտեցին»,- նշեց նա՝ հավելելով, որ երկար ժամանակ այս հարցը սոցցանցերում քննարկվել էր, իսկ Սերժ Սարգսյանի այցը Պրահա առիթ էր արտահայտելու այդ բողոքը: Բագրատ Առաքելյանը նաև տեղեկացրեց, որ անձամբ համայնքի և Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ բարձրացրել է ՀՀ-ի ՄՄ անդամակցության հարցը, նրան տեղեկացրել, որ ցույց է տեղի ունեցել Պրահայում, որ մարդիկ համաձայն չեն այդ որոշման հետ և մարդիկ ինչ որ տեղ անհանգստացած են այն փաստով, որ այդ որոշումն ընդունվել է միանգամից և մեկ մարդու կողմից, առանց քննարկումների, առանց բացատրելու դրական և բացասական կողմերի մասին այն դեպքում, երբ դա ճակատագրական որոշում է:
«Պատասխանն այն էր, թե դա ինչ որ տեղ հիմա արդեն անիմաստ է: Նա ինձ հետադարձ հարց հղեց, թե արդյո՞ք ես լավ ծանոթացել եմ այդ փաստաթղթին, թե կարո՞ղ եմ լավ նկարագրել լավ ու վատ կողմերը, իսկ ես ասացի, որ բնականաբար, մանրակրկտորեն չեմ ծանոթացել այդ պայմանագրին, բայց երկար տարիներ ապրել-աշխատել եմ Ռուսաստանում և հիմա ապրում եմ Եվրոպայում, շատ լավ գիտեմ Եվրոպայի ու Ռուսաստանի տարբերությունները, ես շատ լավ գիտեմ, թե ինչ է իրենից ներկայացնում կոռումպացված ՌԴ-ն և նաև Եվրոպան, որը ևս խնդիրներ ունի, այդ հանդիպման ժամանակ հնչեցին հարցեր կապված նաև արտագաղթի, կոռուպցիայի և սփյուռքում գտնվող ՀՀ քաղաքացիների ընտրություններին մասնակցելու հնարավորության վերաբերյալ »,- մանրամասնեց Բագրատ Առաքելյանը: Նա Սփյուռքի «Հայկական վերածնունդ» շարժման անունից ասաց, որ կազմակերպության նպատակն է ամեն կերպ աջակցել ՀՀ-ում ժողովրդավարության հաստատմանը և ՀՀ-ի բարգավաճմանը, որին հասնելու ճանապարհին էլ պլանավորվում են ակցիաներ, միջոցառումներ, նախաձեռնություններ:









































