Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի քաղաքական աշխուժացման հավանականությունը, որի մասին տևական ժամանակ տեղեկություններ են շրջանառվում մամուլում, նկատելիորեն տեղավորվում է առկա քաղաքական իրողությունների տրամաբանության շրջանակում: Հատկապես խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկումից հետո ակնառու դարձավ, որ նախկին իշխող համակարգի համար քաղաքական շահերի առաջմղման մեխանիզմները մի կողմից, թվացյալ առավելությամբ հանդերձ, այդուամենայնիվ կանգնած են լրջագույն խնդրի առաջ՝ չունենալով «ումով» հարցի պատասխանը: Կառավարության ծրագրի խորհրդարանական քննարկումը ցույց տվեց, որ իշխանություն-ընդդիմություն սխեման խորհրդարանում աշխատունակ և կենսունակ է: Իհարկե, ակնառու էր նաև դրա գաղափարական, որակական պարունակության խնդիրը, սակայն հարցն այն է, որ այլ քաղաքական տիրույթում չկա ավելի մրցունակ «արտադրանք»:
Իշխող նախկին համակարգը, հատկապես դրա այն թևը, որն անթաքույց հույս է կապում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին իշխող համակարգի հետ սերտորեն փոխկապակցված ռուսական որոշակի տնտեսաքաղաքական իշխանական շրջանակների հետ, խաղադրույք կատարել էր այն հանգամանքի վրա, որ նոր խորհրդարանում չկա ընդդիմություն: Պարզվում է, սակայն, որ կա, կամ, համենայնդեպս, եղածը ոչնչով չի զիջում այն ընդդիմությանը, որ հավակնում են լինել իրենք:
Սա, իհարկե, խնդիր է նաև խորհրդարանական ընդդիմության համար, որովհետև լինել այնպիսին, ինչպիսի ընդդիմություն է պատրաստվում կամ փորձում լինել նախկին իշխանությունը, թույլ կտա մնալ քաղաքական մակերևույթին, սակայն բավարար չէ երկար լողալու համար: Երկար լողալու համար խորհրդարանի ընդդիմությունը պետք է ձգտի գերազանցել նախկին իշխանություն-ընդդիմությանը որակներով ու գաղափարներով: Առավել ևս, որ նախկին դաշտում նկատվում է ջանք նաև այդ ուղղությամբ, իհարկե գերազանցապես փաթեթավորման առումով՝ տարբեր նորակուսակցական նախագծերի տեսքով: Սակայն անգամ դրանք ի զորու չեն լուծելու առանցքային խնդիրը՝ քաղաքական սուբյեկտությունը ուժի, գործոնի վերածելը: Միայն տեղեկատվաքարոզչական ռեսուրսները, անգամ ռուսականի ներգրավումով, քիչ են սուբյեկտության, գործոն լինելու հարցը լուծելու համար: Դրանք կարող են պղտորել ջուրը, բայց ձուկ որսալու համար կարթ է պետք, հմուտ ձկնորս, որը կկարողանա որսալ ձուկը տեղեկատվաքարոզչական ալիքներով պղտորած ջրում:
Նոր փաթեթավորման գործառույթ իրականացնող գաղափարական նախագծերը ունակ չեն լուծելու այդ խնդիրը, քանի որ չունեն այդ ձկնորսը, չունեն «խարիզմատիկ» առաջնորդներ: Իսկ այդ հարցում նախկին իշխանության ընտրությունը մեծ չէ, որովհետև «խարիզման» պետք է ենթադրի հնարավորինս քիչ վարկաբեկվածություն:
Այստեղ պատահական չէ, որ ընտրությունը կանգ է առնում Կարեն Կարապետյանի՝ նախկին վարչապետի վրա: Ընդ որում, այս ոճը կամ մեթոդաբանությունն էլ նոր չէ: Թվում է, որ Կարեն Կարապետյանի վրա ընտրությունը չունի հեռանկար, ի վերջո՝ նա ասոցացվում է հին իշխանության հետ և ծայրահեղ կոպիտ վրիպում է թույլ տվել 2018-ի ապրիլի 25-ին՝ անհաջող կերպով փորձելով վերցնել թավշյա հեղափոխության դափնին և Սերժ Սարգսյանի թողած իշխանությունը:
Քաղաքական հաշվարկը երբեք էլ չի եղել Կարեն Կարապետյանի, այսպես ասած, ուժեղ կողմը: Նա առավելագույնը կարող էր հաշվել թերևս միայն տնտեսական ռեսուրսներն ու ֆինանսները՝ «ՀայՌուսգազարդի» կամ նախկին իշխող համակարգի՝ հաշվի առնելով այդ ընկերության, այսպես ասած, «համակարգաստեղծ» նշանակությունը նախկին իշխանության շրջանակում:
Սակայն այդ իշխանությունը կամ համակարգը ներկայումս ունի այն, ինչ ունի, և այդ ունեցածում ամենահարմար «քաղաքական առաջնորդի» թեկնածուն Կարեն Կարապետյանն է, ինչպես 2008-ից մի քանի տարի անց Վարդան Օսկանյանն էր Ռոբերտ Քոչարյանի քաղաքական պլաններն իրացնելու ամենահարմար և «ամենամարսելի» թեկնածուն՝ չնայած բոլորի համար հիշելի մարտիմեկյան նրա դերակատարությանը: Ու թեև այդ տարբերակը չաշխատեց, բայց Կարեն Կարապետյանին աշխատեցնելուց բացի՝ այլ տարբերակ նախկին համակարգը այժմ էլ չունի, որովհետև հակառակ պարագայում որևէ այլ թեկնածու առաջին հերթին խնդիր է ունենալու հենց ներքին մոբիլիզացիա ապահովելու համար: Դա հնարավոր չէ անել ինչ-որ երիտասարդ դեմքով կամ դեմքերով, դա պետք է լինի փորձված և համոզիչ դեմք՝ առաջին հերթին հենց համակարգի համար:
Ամբողջ հարցը, սակայն, այն է, թե արդյո՞ք Կարեն Կարապետյանը մտնելու է այն գետը, որը մի անգամ մտցրել են նախկին արտգործնախարար Օսկանյանին, որը տարիներ անց ընդամենը «քաղաքականապես» թրջված գնաց տուն: Այն դեպքում, երբ Կարեն Կարապետյանը մի անգամ արդեն իսկ մի կերպ չոր դուրս եկավ ջրից՝ ապրիլի 25-ից հետո:









































