ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնալիքներ է հղել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին հավատարիմ զինվորականներին և պաշտոնյաներին՝ նրանց կոչ անելով անցնել իրեն երկրի ժամանակավոր նախագահ հռչակած Խուան Գույադոյի կողմը։
«Դուք չեք կարող խուսափել ընտրությունից, որի առջև այժմ կանգնած եք։ Դուք կարող եք ընդունել նախագահ Գուայդոյի համաներման մեծահոգի առաջարկը և հանգիստ ապրել ձեր ընտանիքների ու հայրենակիցների հետ։ Դուք կարող եք նաև այլ ուղի ընտրել՝ շարունակել աջակցել Մադուրոյին։ Եթե դուք այդ ուղին բռնեք, ապա դուք երբեք հանգիստ չեք գտնի, դուք հանգիստ ելք չեք ունենա։ Դուք ամեն ինչ կկորցնեք»,-ասել է Թրամփը՝ Մայամիում Վենեսուելայից քաղաքական ներգաղթյալների առջև իր ելույթի ժամանակ։
«Մենք գիտենք՝ ովքեր են նրանք, որտեղ են պահում գողացած միլիարդավոր դոլարները, նրանք վտանգում են իրենց ապագան»,-խոսելով Մադուրոյին աջակցող Վենեսուելայի բանակի ղեկավարության մասին՝ ասել է Թրամփը։
Նա հավելել է, որ «Մադուրոն վենեսուելացի հայրենասեր չէ, նա Կուբայի խամաճիկն է» և կոչ է արել «չլսել Մադուրոյի հրամանները»՝ զինվորականներից պահանջելով երկիր թողնել մարդասիրական օգնությունը։
«Մենք խաղաղ ճանապարհով ենք իշխանափոխություն ցանկանում, բայց բոլոր տարբերակները բաց են մնում»,-ընդգծել է Թրամփը։










































