«Սահմանադրական բարեփոխումները մեր օրակարգում են, սակայն պետության կառավարման մոդելի փոփոխության հետ կապված՝ մենք քննարկումներ դեռ չենք ունեցել և պատեհ պահի կքննարկենք նաև այդ առաջարկը»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունեն ՀԱԿ-ի առաջարկի՝ Սահմանադրական կարգի փոփոխության շուրջ:
Ըստ նրա՝ ցանկացած քաղաքական ուժ ցանկացած պահի կարող է առաջարկներ ներկայացնել, ՀԱԿ-ի առաջարկը որևէ ժամանակով պայմանավորված չէ:
Լ.Նազարյանի խոսքով՝ Ընտրական օրենսգրքի բարեփոխումներն անխուսափելի են, և կառավարության ծրագրի քննարկումների ժամանակ այդ մասին խոսվել է: Նա նշեց, որ այդ հարցն անցնում է ԱԺ օրակարգ, և ընդդիմադիրների հետ հանգիստ կքննարկեն. «Դա լինելու է, առանց դրա՝ ես չեմ պատկերացնում քաղաքական դաշտի առողջացումը հետագայում»:









































