Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հայկական թիմերը արդեն իսկ հասցրել են իրականացնել 34 գործարք: Հեղինակավոր transfermarkt պարբերականը այդ ֆուտբոլիստներից միայն «Արարատ» տեղափոխված Միխայլո Կալուգինի տրանսֆերի մասին է մանրամասն տեղեկություն տրամադրում: Մասնավորապես, նշվում է, որ Կալուգինի համար «Արարատը» բելառուսական «Իսլոչ» ակումբ 9 հազար եվրո է փոխհատուցել: Նույն աղբյուրի համաձայն՝ 14 ֆուտբոլիստներ հայկական թիմերը համալրել են՝ ունենալով ազատ խաղացողի կարգավիճակ: Այսինքն՝ այս խաղացողների տրանսֆերների համար մեր թիմերը գումար չեն ծախսել: Երևանի «Արցախից» «Իսլոչ» տեղափոխված, ինչպես նաև ռուսական «Խիմկիից» Երևանի «Փյունիկ» տեղափոխված Դենիս Տալալայի տրանսֆերների վերաբերյալ տեղեկություն ընդհանրապես չկա:
Բերված փաստերը կրկին խոսում են այն մասին, որ հայկական ակումբները համալրվում են միջինից էլ ցածր կարգ ունեցող լեգեոներներով: Վիճակագրական մի քանի փաստ. ըստ ՖԻՖԱ-ի պաշտոնական զեկույցի՝ նախորդ տարի հայկական ֆուտբոլային ակումբները համալրվել են միանգամից 178 օտարերկրացի ֆուտբոլիստներով: Այս ցուցանիշով մենք աշխարհում «պատվավոր» 28-րդ հորիզոնականում ենք: 2017 թվականի համեմատ լեգեոներների հոսքը հայկական թիմեր ավելացել էր 134.2 տոկոսով: 2018 թվականին հայկական թիմերից արտասահմանյան թիմեր են տեղափոխվել 47 ֆուտբոլիստներ, ինչը 17.5 տոկոսով գերազանցում է 2017 թվականի ցուցանիշը: Սա ամենևին չի նշանակում, սակայն, որ արտասահմանում կա հայ ֆուտբոլիստների պահանջարկ: Մատների վրա կարելի է հաշվել հայաստանցի այն ֆուտբոլիստներին, որոնք անցյալ տարի տեղափոխվել են արտասահմանյան թիմեր: Տրանսֆերների 90 տոկոսը ևս կազմում են լեգեոներները, որոնք հեռացել են հայկական ակումբներից:
Ինչ վերաբերում է գործարքների ֆինանսական մասին, ապա 2018 թվականին հայկական ակումբները կայացած 69 տրանսֆերների վրա ծախսել են ընդամենը 100 հազար դոլար, ինչը 2017 թվականի ցուցանիշը գերազանցում է 2524.6 տոկոսով:
Փաստորեն, ըստ ՖԻՖԱ-ի՝ 2018 թվականին արտասահմանից հայկական թիմը համալրել են 178 ֆուտբոլիստներ, որոնցից միայն 69-ի հետ է ըստ էության տրանսֆեր տեղի ունեցել: Ավելի ստույգ՝ այդ 69 ֆուտբոլիստները եկել են այլ ակումբներից, որոնց համար մեր թիմերը գումար են վճարել: Մյուս 109 ֆուտբոլիստները հայկական ակումբներ տեղափոխվելու պահին եղել են ազատ խաղացողի կարգավիճակում, այսինքն՝ անգործ: 69 ֆուտբոլիստների միջին տրանսֆերային արժեքն էլ կազմում է 1.500 դոլար: Կարծում ենք՝ մեկնաբանություններն ավելորդ են:
Հայկական թիմերից արտասահմանյան թիմեր տեղափոխված ֆուտբոլիստների տրանսֆերներից 2018 թվականին գոյացել է 100 հազար ԱՄՆ դոլար: Սա 81.4 տոկսով քիչ է 2017 թվականի ցուցանիշից:
Այժմ փորձենք հասկանալ, թե ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքի ընդհանուր արժեքով հայկական որ ակումբներն են ամենահարուստը: Այս հաշվարկում առաջին հորիզոնականում շարունակում է մնալ «Արարատ-Արմենիան», որի ֆուտբոլիստների տրանսֆերների ընդհանուր արժեքը կազմում է 5.40 միլիոն եվրո: Ըստ Transfermakt-ի՝ տարեվերջին այս թիմի խաղացողների ընդհանուր արժեքը 5.88 միլիոն եվրո էր: Երկրորդ հորիզոնականում Երևանի «Փյունիկն» է՝ 5.30 միլիոն: Լավագույն եռյակը եզրափակում է Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտը»՝ 4.25 միլիոնով:
Վերջին երկու ամիսներին «Ալաշկերտի» խաղացողների ընդհանուր արժեքը նվազել է 600 հազար եվրոյով: «Բանանցը» գնահատված է 3.30, իսկ «Գանձասար-Կապանը»՝ 2.48 միլիոն եվրո: Մեծ թվով լեգեոներներով համալրված Վանաձորի «Լոռիի» արժեքը 2.45 միլիոն եվրո է: Գյումրիի «Շիրակի» ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը 2.25 միլիոն է, իսկ «Արցախը» գնահատված է 1.95 միլիոն: Տարեվերջին այս հաշվարկում հետնապահը Երևանի «Արարատն» էր՝ 1.73 միլիոնով:
Հիշեցնենք, որ առաջնության սկզբում Երևանի «Արարատից» հեռացան 6 լեգեոներներ: «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը բազմիցս էր նշել, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմը լուրջ համալրումներ է ունենալու, իսկ հաջորդ մրցաշրջանում պայքարելու է չեմպիոնի կոչման համար: Եվ ահա, վերջին ամիսներին «Արարատը» համալրվել է և շարունակում է համալրվել մեծ թվով ֆուտբոլիստներով, որի արդյունքում երևանյան թիմի խաղացողների ընդհանուր արժեքը ավելացել է մոտ մեկ միլիոնով՝ դառնալով 2.9 միլիոն եվրո:
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, բացի «Արարատից», ֆուտբոլիսների տրանսֆերների ընդհանուր արժեքի աճ է գրանցել միայն «Փյունիկը»: Մյուս 7 թիմերի արժեքը նվազել է: Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես եկող ընդհանուր առմամբ 221 ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը կազմում է 30.28 միլիոն եվրո:
Այս պահին Հայաստանի առաջնությունում հանդես եկող ամենաթանկ ֆուտբոլիստը վերջերս «Արարատ-Արմենիա» տեղափոխված սերբ դարպասապահ Ստեֆան Կուպիչն է, որի տրանսֆերային արժեքը գնահատված է 600 հազար եվրո: Մյուս ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը չի գերազանցում 400 հազար եվրոն: Մասնավորապես, այդքան տրանսֆերային արժեք ունեն «Արարատ-Արմենիայի» ավագ Վլադիմիր Խոզինը և «Փյունիկի» պաշտպան Մաքսիմ Ժեստոկովը:







































