Հյուսիսային պողոտայում այսօր կազմակերպվել էր ակցիա՝ ընդդեմ կանանց նկատմամբ բռնությունների: Ակցիային մասնակցում էին մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս օրը աշխարհի երկրներում կանայք ոտքի են կանգնում և պարում՝ իրենց իրավունքների համար, իսկ շարժումը կոչվում է BILION RISING:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Կանանց աջակցման կենտրոնի» արտաքին կապերի անդամ Պերճուհի Կաժոյանն ասաց, որ այսօրվա միջոցառման հիմնական իմաստը կանանց նկատմամբ բռնությունների դեմ պայքարն է, քանի որ ըստ ՄԱԿ-ի վիճակագրության՝ աշխարհում յուրաքանչյուր 3 կնոջից 1-ը կյանքի ընթացքում ենթարկվում է բռնության:
Ակցիայի մասնակիցներից Մարիամ Ասատրյանն էլ ասաց, որ լինելով կին՝ մասնակցում է ընդդեմ բռնությունների ակցիաներին, և հուսով է, որ նմանատիպ իրազեկող ակցիաներով կարող են հասնել արդյունքի:
Կանանց իրավունքների համար ակցիաները, ինչպես նշեցին զրուցակիցները, շարունակական կլինեն: Նրանց կարգախոսն է՝ «Մեր մարմինը երջանիկ կյանքի համար է»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































