Եվրոպացի իրավապաշտպանների բողոքներից հետո Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը չեղյալ է հայտարարել իր այցը Չեխիա, որտեղ պետք է հանդիպեր երկրի նախագահի և վարչապետի հետ:
«Ռադիո Սվոբոդա»-ին տված հարցազրույցում Չեխիայի նախագահի մամլո ծառայությունը հայտարարել է, որ Իսլամ Քարիմովը չեղյալ է հայտարարել փետրվարի 20-22-ը ծրագրված այցը, սակայն մտադիր է այնտեղ մեկնել ավելի ուշ:
Չեխիայի նախագահի խորհրդական Հինեկ Կմոնիշեկը հայտնել է, որ Քարիմովի այցը համընկել է Չեխիայի վարչապետի արձակուրդի հետ, ուստի Քարիմովն առաջարկել է հետո այցելել, երբ ինքը կկարողանա հանդիպել պետության ղեկավար Միլոշ Զեմանի, վարչապետի և Պրահայի քաղաքապետի հետ: Երբ կլինի նման հանդիպում՝ հայտնի չէ:
Կմոնիշեկը նաև ենթադրել է, որ Զեմանը Քարիմովին համոզել է հետաձգել այցն իրավապաշտպաններին, այդ թվում՝ Human Rights Watch-ի կողմից դժգոհության պատճառով, որոնք Զեմանից պահանջել են հրաժարվել Ուզբեկստանի նախագահի հետ հանդիպումից՝ պնդելով, որ այդ երկրում պարբերաբար խախտվում են մարդու իրավունքները:
Ի պատասխան՝ Զեմանը Human Rights Watch-ին մեղադրել է Ուզբեկստանի իշխանությունների նկատմամբ կողմնակալ վերաբերմունքի մեջ՝ հիշեցնելով, որ այլ պետության ղեկավարի այցը չեղյալ հայտարարելն անթույլատրելի է դիվանագիտական էթիկայի տեսանկյունից:
«Նախ՝ Ուզբեկստանի նախագահին հրավիրել է իմ նախորդը, և դիվանագիտական կանոնների համաձայն՝ հաջորդ նախագահը, այսինքն՝ ես, պարտավոր եմ ընդունել նախորդ նախագահի հրավիրած հյուրին: Սակայն, չգիտես ինչու, Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Քլաուսի՝ Ուզբեկստան այցի ժամանակ մենք ոչ մի դժգոհություն չենք նկատել: Երկրորդ՝ վերջերս Իսլամ Քարիմովին ընդունել է ԵՄ-ի ղեկավարությունը Բրյուսելում: Մենք այդ փաստով ևս չենք տեսել դժգոհության արտահայտում: Երրորդ՝ ԱՄՆ-ը Ուզբեկստանին տեսնում է իր դաշնակցի դերում՝ ահաբեկչության դեմ պայքարում, մենք սրա դեմ էլ դժգոհթւյուն չենք տեսնում: Ես կուզենայի, որ դուք ավելի շատ տեղեկատվություն ունենայիք և ավելի քիչ զբաղվեիք կեղծավորությամբ»,- Չեխիայի նախագահի խոսքերը մեջբերում է CA-News-ը:







































