Երևանի ավագանիում «Լույս» խմբակցության հետևողականությունը կարող է բարի նախանձ շարժել։ Ընդամենը երեք հոգով կարողանում են հարցեր լուծել, որովհետև հնչեցված քննադատությունը մոտիվացված է ու քաղաքային իշխանության ու ավագանու մեծամասնության դիլենտանտիզմը բացահայտվում է հաշված ժամերի ընթացքում։
Երեկ Երևանի ավագանու նիստին «Լույս խմբակցության» ղեկավար Դավիթ Խաժակյանը արտահերթ ելույթով է հանդես եկել և ներկայացրել է Ավան վարչական ղեկավարի տեղակալ Սամվել Ղումաշյանի կենսագրությունից որոշ հատվածներ՝ նշելով, որ նրա կենսագրականը Երևանի կայքում դեռևս չկա: Սամվել Ղումաշյանը 2017-ի խորհրդարանական ընտրություններում եղել է ՀՀԿ-ի ընտրակեղծարար «տասովշիկներից» մեկը, իսկ հեղափոխության օրերին ակտիվիստների մեքենաներ է ջարդել, բայց ըստ ամենայնի՝ ճիշտ պահին կարողացել է «դուխով» հեղափոխական դառնալ ու պահպանում է իր պաշտոնը։
Խաժակյանը հենց սրա մասին է խոսել ու խնդիրը շատ խորքային է, որովհետև եթե քրեական հետագիծ ունեցող նման կադրեր շարունակում են աշխատել, ուրեմն՝ նոր իշխանության որակը շարունակում է մնալ նույնը, մանավանդ, որ պահպանվել են հին համակարգի իներցիոն տրամաբանությունն ու իսնտիստուցիոնալ հիմքերը։
Քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ տեղյակ է ամեն ինչից: «Վարչական շրջանների աշխատանքները կառավարում է ղեկավարը, և ինքն է որոշում իր կադրային քաղաքականությունը, և ինչպես անցած իշխանությունների օրոք, մենք բոլոր գործառույթների մեջ չենք խառնվում»,-ասել է նա և կոչ արել չշեղվել օրակարգից:
Այլ խոսքով՝ Մարությանը փորձել է արդարացնել հանրապետական ընտրակեղծարարի պաշտոնավարումը, սակայն՝ ամենայն հավանականությամբ, «վերևից» զանգ է հնչել, որովհետև քաղաքապետի «անկեղծացումից» ժամեր անց Ավան վարչական շրջանի ղեկավարը հայտարարել է, որ չի պատրաստվում աշխատել Ղումաշյանի հետ։
Սա այն դեպքերից մեկն է, որ ընդդիմության հրապարակային կարծիքը, դիրքորոշումն արդյունավետ ընթացք ունեցան ու այս փաստն արդեն ողջունելի է՝ գծելով կարևոր սահմանագիծ հին ու նոր Հայաստանների միջև։
Սակայն Ղումաշյանի դեպքը եզակի չէ, ավելին՝- ՀՀԿ-ի ավելի էպատաժային ու նշանային դեմքեր շարունակում են պաշտոնավարել ու նույնիսկ իրենց շատ ինքնավստահ զգալ։
Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ասել է, որ որևէ խնդիր չունի գործող իշխանության հետ։ «Ինձ թվում է՝ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, ով իր տեղում է, որևէ իշխանության հետ խնդիր չունի, ես համարում եմ, որ իմ տեղում եմ», – ասել է նա։
Բանն այն է, որ եթե Մամիկոն Ասլանյանն իր տեղում է, ուրեմն՝ իր տեղում չէ նոր Հայաստանը։
Վանաձորի ավագանու 2016թ-ի ընտրությունները նշանային էին, որովհետև «Լուսավոր Հայաստան» կուսակցության փաստացի հաղթանակը ապացուցեց, որ երկրում ընտրությունների ճանապարհով հնարավոր են փոփոխություններ ու տեղական այդ ընտրությունը շատ կարևոր ազդակ էր «Ելք» դաշինքի ձևավորման համար, որը հետո դարձավ այլընտրանքի ու հեղափոխության մարմնավորում։
Ասլանյանը քաղաքապետ դարձավ միայն մանդատագողության հետևանքով, ինչը բացհայտեց քրեաօլիգարխիկ համակարգի խորքային ճգնաժամը։ Դա ական էր երկրի սահամանդրականության, խորհրդարանական համակարգի հիմքում։ Նման «ականները» պայթեցրեցին հին համակարգը՝ չվերացնելով, սակայն, դրա հետևանքները։
Միայն իշխանությունը հանկարծ չասի, որ ՏԻՄ գործունեությանը չի միջամտում։ Եթե իշխանությանը պետք է լինում, Դավիթ Սանասարյանն՝ իր Վերահսկողական ծառայությամբ, հայտնվում է անգամ ամենափոքր գյուղում, ինչին հետևում է համայնքապետի հրաժարականը։ Էլ չենք ասում այն մասին, որ ակնհայտորեն հիվանդ Մանվել Գրիգորյանին կրկին կալանավորելու համար իշխանության քաջալերմամբ Էջմիածնում կազմակերպվեց իսկական «հեղափոխություն»։
Մանդատագողին մի հանդուրժեք, մեղք է հեղափոխությունը։









































