News Georgia-ի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Վրացական» կուսակցության համանախագահ, պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլիի քեռին՝ Զուրաբ Գիգուաշվիլին, այսօր ձերբակալվել է հայ-վրացական սահմանը հատելու փորձի ժամանակ։
Այս կապակցությամբ «Վրացական» կուսակցությունը հայտարարել է, որ Գիգուաշվիլին պլանավորել էր անձնական հարցերով մեկ օրով գնալ Հայաստան։
Կուսակցության կարծիքով, վրացական իշխանություններն ահաբեկչություն են իրականացնում նրա հարազատների ու մերձավորների նկատմամբ՝ դրանով իսկ վախեցնելով իր հակառակորդներին։
Հիշեցնենք, որ Օքրուաշվիլին Վրաստանի պաշտպանության նախարար է եղել 17.12.2004-10.11.2006-ն ընկած ժամանակահատվածում:
Վրաստանում Օքրուաշվիլիին մեղադրում են ռուսական հատուկ ծառայությունների գործակալ լինելու մեջ: Իսկ ապրիլի վերջին Վրաստանի «Ազգային ժողով» կուսակցության ներկայացուցիչ Էլիզբար Ջավելիձեն Օքրուաշվիլիին մեղադրեց հայկական արմատներ ունենալու մեջ` ընդգծելով, որ նրա հոր ազգանունը Ոսկանյան է:









































