Այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստակամություն հայտնեց հանդիպելու Վրաստանի ղեկավարության հետ, պետության ղեկավար Գեորգի Մարգվելաշվիլին և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վեճի բռնվեցին, թե նրանցից ով պետք է գնա Մոսկվա: Ընդ որում, երկուսն էլ առաջադրում են միանման պայման՝ հանդիպումը կկայանա միայն այն դեպքում, եթե քննարկվի Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդիրը:
Վրաստանի ղեկավարության հետ հանդիպելու պատրաստակամության մասին Պուտինը հայտնել էր Սոչիում՝ պատասխանելով վրացի լրագրողի հարցին, թե նա հնարավո՞ր է համարում շփումը նախագահ Մարգվելաշվիլիի հետ: «Իսկ ինչո՞ւ ոչ, եթե նա ցանկանա»,- ասել է ռուս առաջնորդը:
Ցավոտ հարցերի քննարկման համար Պուտինին հանդիպելու Վրաստանի նախագահի և վարչապետի խոսքերը Թբիլիսիում ընկալվել են որպես Պուտինի հետ հանդիպման իրավունքի համար երկու մրցակիցների հայտարարություններ: Այս մասին հայտնում է Kommersant-ը:
Վրաստանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Իոսիֆ Ցինցաձեն նշել է, որ համաձայն Վրաստանի նոր Սահմանադրության՝ նախագահը խորհրդանշական ֆիգուր է: Նրա խոսքով՝ արտաքին և ներքին քաղաքական հարցերով բոլոր որոշումներն ընդունում է վարչապետը, և զարմանալի չէ, որ Ղարիբաշվիլիի մոտ առաջացել է երկու նախագահների ծրագրերն ուղղելու ցանկություն:
Ինչպես հայտնել է երկրի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն, երկու երկրների ղեկավարների հանդիպման նախապատրաստման դիվանագիտական աշխատանք դեռևս չի տարվում: Նա հրաժարվել է հայտնել վրացական կողմից պոտենցիալ մասնակիցների անունները՝ չներքաշվելու համար նախագահի ու վարչապետի վեճում:









































