Եթե Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից հետո 5-5.5 հազար դոլարանոց «Օպելների» ու «Մերսեդեսների» մաքսազերծման ծախսերը կտրուկ աճեն, ապա դրանց Ռուսաստանից փոխարինողներ չեն գտնվի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանն ու ավտոներկրող Արայիկ Բերակչյանը:
Նրանց խոսքով՝ այսօր այդ մեքենաների մեծ մասը ներմուծվում է Վրաստանից: Ռուսաստանում թեև կան խոշոր արտասահմանյան ավտոարտադրող գործարանններ, սակայն դրանք (3-5 տարի և ավելի օգտագործվածները) բերելը, միևնույն է, ավելի թանկ ու դժվար կլինի, քան Վրաստանից բերելու դեպքում. ճանապարհն ավելի երկար է, խոչընդոտներն ավելի շատ կլինեն՝ երկու երկրներ անցնելու պատճառով և այլն:
Իսկ բուն ռուսական արտադրության մեքենաները այստեղ պահանջարկ չունեն: Ավտոներկրողներն ասում են՝ եթե պահանջարկ ունենային, իրենք խնդիր չէին ունենա, կբերեին, դա կվաճառեին: Բայց այսօր պահանջարկ ունեն 5-5.5 հազար դոլարանոց «Օպել Աստրաներն» ու «Մերսեդեսները» (ավելի քան 5 տարվա արտադրության):
Ավտոներկրողները ցանկանում են, որ իրենց առնվազն 5 տարի ժամանակ տան, որպեսզի իրենք կարողանան հարմարվել: Ռուսաստանի դեպքում ներմուծվողների մաքսազերծումն ավելացնելու համար 8 տարի էր տրվել, Բելառուսի դեպքում՝ 2 տարի:










































