Ուկրաինան ներկայումս պետք չէ ո՛չ Ռուսաստանին, ո՛չ ԵՄ-ին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր, ռուսաստանցի փորձագետ Ֆյոդոր Լուկյանովը՝ մեկնաբանելով Սոչիի օլիմպիական խաղերին հաջորդելիք իրադարձություններին Ուկրաինայում և հետխորհրդային տարածքում:
Մասնավորապես, անդրադառնալով Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևի կարծիքին, թե Ուկրաինայի իշխանությունը պետք է ուժային լուծում տա երկրում ստեղծված իրավիճակին, Լուկյանովն ասաց, որ նա իր կարծիքն է հայտնել, որը նրա մոտ ձևավորվել է անձնական բնույթի որոշակի գործոնների ազդեցությամբ: Ուստի, մեր զրուցակցի համոզմամբ, չպետք է Գլազևի ասածները դիտարկել որպես ՌԴ ղեկավարության դիրքորոշում: Թե ինչ է սպասվում Սոչիի օլիմպիադայից հետո, Լուկյանովի խոսքով, դժվար է կանխատեսել, որովհետև ուկրաինական իրադարձությունների դինամիկան որոշվում է ներքին և ոչ արտաքին գործընթացներով:
Լուկյանովը նշեց, որ Ուկրաինան ի զորու չէ ներկայումս որևէ բան անել և որևէ բան որոշել, որն արտաքին ուժերին մղում է միջամտության: «Ես կասկածում եմ, թե պետք է սպասել Ռուսաստանի ակտիվ միջամտությունը, որովհետև բոլորն են հասկանում, որ դա անիմաստ է՝ Ուկրաինան այնպիսի վառ սուբստանցիա է, որին կարելի է խառնվել ու այնտեղ էլ խճճված մնալ, ոչնչի չհասնել: Ես կարծում եմ, որ ուկրաինական էլիտան, որը ներառում է և՛ ընդդիմությանը, և՛ իշխանությանը, չի կարող որևէ բանի շուրջ համաձայնության գալ: Ինչպիսին որ լինեն դրա հետևանքները, դրանից կախված ՌԴ-ն կգործի»,- ասաց Ֆյոդոր Լուկյանովը:
Ռուսաստանցի փորձագետը համամիտ է այն կարծիքների հետ, որ Մայդանում որոշվում է ոչ միայն Ուկրաինայի, այլև Ռուսաստանի, Եվրոպական միության և հետխորհրդային երկրների ճակատագիրը: Այստեղ, ըստ նրա, կողմերը մրցակցություն են զգում:
«Եթե անկեղծ խոսենք, ապա ներկայումս Ուկրաինան որևէ մեկին պետք չէ, դա անիմաստ պայքար է, բայց դիմակայության իներցիան բավականին ուժեղ է: Ինչքան շարունակվի ճգնաժամը, այնքան ավելի կմեծանա կողմերի՝ այդ մրցակցությանը մասնակցելու գայթակղությունը՝ փոխանակ փրկելու երկիրը»,- նշեց նա՝ հավելելով, որ Ուկրաինան ոչ մեկին պետք չէ, որովհետև հսկայական խնդիր է: Ըստ նրա՝ պարզ չէ, թե ինչպես պետք է լուծվի հսկայական ծախսերի և ռիսկերի հարցը:









































