«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպության կողմից հրապարակվող մամուլի ազատության ամենամյա ցուցիչի համաձայն՝ Հայաստանը 180 երկրների շարքում 78-րդ տեղում է: Անցած տարի Հայաստանը վարկանիշի 74-րդ տեղում էր: Այս մասին տեղեկանում ենք կազմակերպության կայքից:
Երկիրը բնութագրվում է բազմակարծությամբ և համեմատաբար թույլ պետական գրաքննությամբ: Նշվում է, որ 2013-ի ընտրությունները, նախորդի համեմատ, ավելի հանգիստ էին, լրագրողների դեմ բռնության դեպքերը՝ հազվադեպ: Նշվում է նաև, որ ընտրական միջավայրը խորացրել է տեղեկատվական պատերազմը մասնավոր ԶԼՄ-ներում:
180 երկրների շարքում Ռուսաստանը զբաղեցնում է 148-րդ տեղը, Թուրքիան՝ 154-րդ, Ադրբեջանը՝ 160-րդ, Իրանը՝ 173-րդ, Վրաստանը՝ 84-րդ:
Ուկրաինան 127-րդ տեղում է: Վարկանիշը կազմվել է մինչ եվրաինտեգրման կողմնակիցների հուզումները: Եթե Եվրամայդանը հաշվի առնվեր, ապա երկրի վարկանիշը լրջորեն կտուժեր:
Սիրիայում տիրող ճգնաժամը բացասաբար է ազդել ողջ Մերձավոր Արևելքում խոսքի ազատության վրա՝ նշվում է զեկույցում: Ցուցիչի հեղինակները նշում են, որ Սիրիայում (177-րդ տեղ) ընթացող քաղաքացիական պատերազմն ուժեղացրել է ԶԼՄ-ների բևեռացումը Լիբանանում (106), մամուլի նկատմամբ վերահսկողության խստացման տարել Հորդանանում (141) և նպաստել Իրաքում (153) բռնության սրմանը: Իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է Եգիպտոսի (159) իշխանություններին մեդիառեսուրսներում «Մուսուլման եղբայրների» ցանկացած դրական հիշատակմանը հակազդելու համար:
Քննադատության են ենթարկվել նաև Մեծ Բրիտանիան (29) և ԱՄՆ-ը (46), որոնց կազմակերպությունը մեղադրում է պետական գաղտնիքները բացահայտողների որսի մեջ՝ գաղտնալսման դեմ պայքարով զբաղվելու փոխարեն:
Ցուցիչի ամենաառաջին երկիրը Ֆինլանդիան է, որին հաջորդում են Նիդերլանդները, Նորվեգիան, Լյուքսեմբուրգն ու Անդորրան: Ինչպես և 2013-ին, վարկանիշը եզրափակում են Սիրիան, Թուրքմենստանը, Հյուսիսային Կորեան և Էրիթրեան:











































