Վրաստանն ու Ռուսաստանը փետրվարի 6-ին Շվեյցարիայում կքննարկեն մի հարց, որը հույժ կարևոր նշանակություն ունի նաև Հայաստանի համար, իսկ գուցե թե ավելի շատ հենց Հայաստանի համար, իհարկե պատկերավոր իմաստով: Խոսքը Հարավային Օսիայի և Աբխազիայի ճանապարհների գործարկման, այսինքն՝ Վերին Լարսի անցակետի այլընտրանքի մասին է: Թե ինչու է Լարսին պետք այլընտրանք, ավելորդ է նույնիսկ բացատրել: Այդ անցակետը կախված է եղանակից, և ձմռան ընթացքում գործնականում «միանում» է Հայաստանի տրանսպորտային թուրք-ադրբեջանական շրջափակմանը, իհարկե եղանակի օգնությամբ: Կատակը կատակ, բայց խոսքը Հայաստանի հիմնական ապրանքային շուկա Ռուսաստանի հետ կապող միակ, բարակ թելի մասին է, որը ահռելի խնդիրներ է ստեղծում հայկական բիզնեսի համար՝ զուտ եղանակային քմահաճույքի պատճառով:
Ըստ այդմ, այլընտրանքային ճանապարհը Հայաստանի համար կենսական է: Վրաստանն ու Ռուսաստանը, շվեյցարական կողմի մասնակցությամբ, կարող են Հայաստանին մեծ նվեր անել, եթե համաձայնեն 2011 թվականին կնքված համաձայնագրի իրականացման հարցում: Նախօրեին ռուսական մամուլում տեղեկություն է հայտնվել, որ համաձայնագրի ընթացակարգերը ամբողջապես մշակված են, և կողմերը ձեռնամուխ են լինելու իրականացման հարցերին: Դեռևս նախագահ Սաակաշվիլիի պաշտոնավարման ընթացքում, ռուս-վրացական հնգօրյա պատերազմից երեք տարի անց կնքված համաձայնագիրը առ այսօր դեռևս ամբողջապես հստակեցված չէր: Վրաստանն ու Ռուսաստանը այդ համաձայնագիրը կնքեցին Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Մոսկվայի անդամության հարցի շրջանակում: Եթե Վրաստանը դեմ լիներ, ՌԴ-ն չէր կարող անդամակցել: Փոխզիջումն այն էր, որ Մոսկվան համաձայնեց կնքել այդ պայմանագիրը, սակայն մինչ օրս այն իրագործված չէ: Սաակաշվիլիի՝ իշխանությունից հեռանալուց հետո իրավիճակը սկսեց փոխվել: Իսկ 2016 թվականի վերջին այդ մասին սկսեց բարձրաձայն խոսել նաև հայկական կողմը, երբ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը Վրաստան այցից հետո հայտարարեց, թե կարող է լինել Վերին Լարսին այլընտրանք և աշխատում են այդ ուղղությամբ: Սակայն հետագայում ոչ միայն չեղավ իրավիճակի զարգացում, այլ թեման կարծես թե սառեց:
Հավանաբար Կարեն Կարապետյանը փորձել էր իր վարչապետության տեղեկատվա-քարոզչական սպասարկման շրջանակում որոշակի ոգևորություն և սպասումներ խթանել, ինչպես մի շարք այլ հարցերում, որոնք, սակայն, նրան չօգնեցին ստանալ հանրային այնպիսի աջակցություն, որ հանրությունը Սերժ Սարգսյանին թույլ չտար վարչապետ առաջադրվել 2018-ի ապրիլին և այդ պաշտոնում պահանջեր Կարեն Կարապետյանին: Սերժ Սարգսյանին թույլ չտվեցին, իհարկե, բայց հետո նաև թույլ չտվեցին Կարեն Կարապետյանին, որքան էլ նա փորձեց օգտվել իրավիճակից՝ ընդհուպ Մոսկվայի աջակցությունը ստանալով: Նիկոլ Փաշինյանը որևէ հայտարարություն՝ Լարսի այլընտրանքի մասին, չի արել, իսկ նոր իշխանության պաշտոնյաները ընդամենը հայտարարել են, որ աշխատում են և բանակցում երկու կողմի հետ էլ: Փոխարենը լավատեսական հայտարարություններ են անում Վրաստանն ու Ռուսաստանը, թեև, իհարկե, ոչ աննախադեպ: Աննախադեպ է այն, որ նրանք ավարտել են պայմանագրի իրականացման ընթացակարգի ամբողջացումը և անցել փաստորեն բանակցության վճռորոշ եզրափակիչ փուլին: Իսկ հարցն այստեղ այն է, որ համաձայնությունը միայն տնտեսական էֆեկտ չէ, որ կարող է տալ նաև Հայաստանին: Համաձայնությունը Հայաստանի համար կարող է լինել նաև քաղաքական ձեռքբերում, քանի որ ռուս-վրացական համաձայնությունն արմատապես կարող է փոխել ռեգիոնալ ոչ միայն տնտեսական, այլ նաև ռազմա-քաղաքական, անվտանգային համատեքստը:
Այստեղ հարկ է ուշադրություն դարձնել, թե ինչպես փոխվեց ռեգիոնալ անվտանգության միջավայրը, ինչ զուգահեռով: Դա տեղի ունեցավ ռուս-վրացական պատերազմից հետո: Ռուս-վրացական այդ բախումը շտապեցին օգտագործել Թուրքիան ու Ադրբեջանը ռեգիոնալ գերակայության հասնելու համար, կենտրոնացնելով ուժերը Արցախի ուղղությամբ էլ սկսածը շարունակելու վրա՝ օգտվելով այն հանգամանքից նաև, որ Վրաստանում, ըստ էության, անհաջողությունից հետո Մոսկվան կտրվի Արցախում այն փոխհատուցելու գայթակղությանը: Եվ Մոսկվան տրվեց, շտապելով Վրաստանում կորցրածը Արցախում հետ բերելու հարցում թուրք-ադրբեջանական տանդեմի հետ գործարքի: Այդ իմաստով, ռուս-վրացական հարաբերությունը կառուցողական դաշտ բերելը էապես կթուլացնի թուրք-ադրբեջանական ռեգիոնալ մարտավարությունը, նպաստելով հայ-վրացական առանցքում հաղորդակցային ինտենսիվության հեռանկարին, մի կողմից, և մյուս կողմից նաև արցախյան հարցում տանդեմի քաղաքականության ինտենսիվությանը:









































