Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի ներկայացուցիչ Մոնզիր Աքբաքը Ժնևում հայտարարել է, որ Համա սիրիական մարզում ալավիական Մաան բնակավայրում ոչ մի խաղաղ բնակիչ չի սպանվել:
Երկուշաբթի Agence France-Presse գործակալությունը, վկայակոչելով Լոնդոնում տեղակայված Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպությանը, հաղորդել էր, որ իսլամիստական խմբավորման գրոհայինները սպանել են Մաանի ավելի քան 20 խաղաղ բնակչի: SANA սիրիական գործակալության տվյալներով՝ զոհերի թվում է առնվազն 10 կին:
«Այդ մարտում զոհվածները զինված անձինք են, զինվորականներ: Ոչ մի խաղաղ բնակիչ չի սպանվել: Այս տեղեկատվությունը հաստատել են բազմաթիվ աղբյուրներ, այդ թվում՝ սիրիական բանակը: Մենք ունենք նաև ականատեսների վկայությունը, որոնք եղել են այնտեղ և հաստատում են, որ դա եղել է մարտ, և ոչ մի քաղաքացիական անձ չի սպանվել»,- ասել է Ազգային կոալիցիայի ներկայացուցիչը:
Նա նաև նշել է, որ Ժնևում դեռևս չեն քննարկվում Սիրիայի տարբեր շրջաններում կրակի դադարեցմանը վերաբերող հարցեր:









































