Կիրակի լույս երկուշաբթի գիշերը Վրաստանի Գեգուտի բանտում, որը տեղակայված է Քութայիսի մոտ, մի խումբ բանտարկյալներ կտրել են իրենց երակները՝ հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:
ԶԼՄ-ների տվյալներով՝ ակցիային մասնակցել է 10-17 մարդ, որոնք հայտարարել են, որ այս կերպ բողոքում են բանտի աշխատակիցների դաժան վերաբերմունքի դեմ:
Քութայիսի հիվանդանոց է տեղափոխվել 9 մարդ, նրանց բոլորին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն:
Ավելի վաղ այս նույն բանտում ավելի քան 800 բանտարկյալ հացադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատանքից հեռացնել բանտի աշխատակիցներին: Հացադուլը շարունակվում է արդեն 5 օր:
Վրաստանի պատիժների իրականացման նախարար Սոզար Սուբարին հայտարարել է, որ հացադուլը քրեական հեղինակությունների ծրագրավորված ակցիա է, որոնք դժգոհ են բանտերում արտոնյալ դիրքը բացառող միջոցներից:










































