Ռուսաստանի Ամուրի շրջանում ավարտվել է հետաքննություն, որը պարզել է, որ փորձի համար հողում թաղված տղամարդու մահվան պատճառ է հանդիսացել ցրտահարությունը: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
Դատաբժշկական փորձաքննությունը պարզել է, որ տղամարդը մահացել է հենց ցրտահարությունից, այլ ոչ թե շնչահեղձ լինելուց: Չի հաստատվել նաև, որ նա մահացել է հորդառատ անձրևի հետևանքով:
Պարզվել է, որ հունիսի 28-ին 35-ամյա տղամարդը փորձել է իր դիմացկունությունը: Նա խնդրել է իր ընկերոջը օգնել իրեն փոս փորել և սարքել դագաղանման տուփ: Տղամարդուն փակել են այդ արկղում, ծածկել մոտ 20 սմ բարձրությամբ հողով: Ընկերն այդպես նրան թողել է, իսկ առավոտյան հայտնաբերել է նրա անշունչ մարմինը:
Թաղված տղամարդն իր հետ տարել էր հեռախոս, ջուր, ծածկոց, սակայն նա հավանաբար մահացել է քնի մեջ ցրտահարությունից, քանի որ չի հասցրել օգտվել հեռախոսից: Քրեական գործ չի հարուցվել, քանի որ մահը եղել է ոչ բռնի և բացառապես այդ տղամարդու «խելքի» կամ դրա բացակայության պատճառով:










































