Թերթը գրում է. «Ուշագրավ է այն փաստը, որ Նալբանդյանի այցը տեղի է ունենում ղարաբաղյան հարցով Կազանում կայացած տապալված բանակցություններից անմիջապես հետո: Ավելի ճիշտ՝ ոչ թե բանակցություններից, այլ դրան հաջորդած՝ հարավկովկասյան միություն ստեղծելու շուրջ Բաքվում սկսված լուրջ քննարկումներից հետո: Ադրբեջանի ռազմավարական ծրագրավորման կենտրոնը շրջանառության մեջ է դրել մի գաղափար, ըստ որի Եվրամիության օրինակով Հարավային Կովկասում պետք է ստեղծել նոր քաղաքական, տնտեսական միություն, որում կընդգրկվեն Աղրբեջանը, Վրաստանը և Թուրքիան: Էությունն այն է, որ ստեղծվի տնտեսական, քաղաքական, սոցիալական միասնական տարածք՝ ընդհանուր արժույթով, մաքսային ռեժիմով, փաստացի միմյանց միջև առանց սահմանների: Բաքվում չեն թաքցնում, որ այս պրոյեկտի միակ նպատակը Հայաստանին վերջնականապես մեկուսացնելն է, ինչը հնարավոր է «միության» տարածք ելումուտի ընդհանուր միջավայրի ստեղծման, և այդ խողովակով Հայաստանի քաղաքացիների ու փոխադրումների նկատմամբ սահմանափակումներ մտցնելու միջոցով»:
Հիշեցնելով, որ 2010թ. նույնանման գաղափար շրջանառության մեջ է դրել Վրաստանը, թերթը հայտնում է, որ սա Երևանին լրջորեն անհանգստանալու տեղիք է տալիս. «Չի կարելի բացառել, որ Նալբանդյանի այցը սրա հետ կապված՝ Թբիլիսիի մտադրությունները ճշտելու նպատակ է հետապնդում: Վաշաձեի հետ հանդիպումից հետո Էդվարդ Նալբանղյանը, թերևս, պատահականորեն չի նշել, որ քննարկվել են նաև «տարածաշրջանային հարցեր»՝ առանց մանրամասնելու, թե ինչի մասին է խոսքը»:
«Ակնհայտ է, որ նման զարգացումները կանխել Հայաստանը կարող է միայն Թբիլիսիի նկատմամբ ճնշում գործադրելու միջոցով: Վրաստանը չի կարող հաշվի չառնել Հայաստանի շահերը, թեկուզև պայմանավորված Ջավախքի հարցով: Եվ այս իմաստով Նալբանդյանի այցը կարող է զգոնության դոզա հաղորդել Վրաստանի իշխանություններին:
«Հարավկովկասյան միություն» ստեղծելու գաղափարը, որքան էլ Արևմուտքում դիտարկվի որպես Հարավային Կովկասում իրենց շահերի պաշտպանության համակարգ, ամեն դեպքում հեշտ չի լինի կենսագործել: Հայաստանի գործոնն այստեղ կարող է նաև լուրջ չընկալվել: Բայց Ռուսաստանի շահերը շրջանցել ո՛չ Վրաստանր, ո՛չ Ադրբեջանը և ո՛չ էլ, առավել ևս Թուրքիան, ուղղակի չեն կարող: Բայց սա չպետք է կրավորական կեցվածք որդեգրելու և ռուսական արջի թիկունքից ծիկրակելու տեղիք տա: Գուցե իր այցով սա է ակնարկում Հայաստանի արտգործնախարար»:







































