Հայաստանի տնտեսությունում նկատվում է աճ, բայց աճի տեմպը դանդաղում է. այս պահին ավելի ցածր աճի տեմպ ունենք, քան եղել է 2018-ի սկզբին: Հեղափոխությունից հետո մեզ մոտ տնտեսական ցնցումներ տեղի չեն ունեցել, կառավարությանը հաջողվել է կատարել իր գլխավոր խնդիրը՝ տնտեսությունը ցնցումներից զերծ պահել: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:
Վարչապետ Ն. Փաշինյանը ֆեյսբուքյան իր գրառումներից մեկում նշել է, որ ՀՀ վճարային հաշվեկշռի տվյալներով՝ օտարերկրյա ուղղակի ներդրումները 50 տոկոսով աճել են 2017թ. նույն եռամսյակի համեմատ: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Բ. Թունյանը նշեց, որ 2018թ. երրորդ եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքն ավելացել է. «50 միլիոն դոլարի փոխարեն մոտ 75,5 միլիոն դոլարի ներդրում է եղել, բայց օտարերկրյա ներդրումների ներհոսքի մասին եռամսյակի կտրվածքով խոսելն այնքան էլ ճիշտ չէ, ավելի ճիշտ է տարեկան կտրվածքով խոսել: Բայց վարչապետի կողմից այդ փաստի արձանագրումը կարևոր էր, որովհետև 2018-ի երկրորդ եռամսյակում այդ ցուցանիշի կտրուկ անկում էր գրանցվել, ինչը քննադատությունների առարկա էր դարձել: Ցույց տալը, որ այդ ցուցանիշի առումով դրական դինամիկա կա, շատ լավ է, բայց դա չի նշանակում, որ մեր բոլոր խնդիրները լուծվել են: Անհամբեր սպասում ենք չորրորդ եռամսյակի ցուցանիշներին»:
Բ. Թունյանի հավաստմամբ՝ նկատելի է ստվերի դեմ պայքարի որոշակի արդյունք՝ մոտ 30 հազարով ավելացել են գրանցված աշխատողները, բայց դրան զուգահեռ որոշ ընկերություններում աշխատողներ են կրճատվել: Տնտեսագետի խոսքով՝ գործազրկության տոկոսը որոշակիորեն նվազել է, բաց դեռ այն արդյունքը չէ, որն ակնկալվում է:
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ Հարկային օրենսգիրքը պետք է լուրջ փոփոխությունների ենթարկել, բայց շատ զգույշ պետք է լինել, որպեսզի վատ հետևանքներ չլինեն… Տնտեսագետի դիտարկմամբ՝ գործարարներին նյարդայնացնում է անորոշությունը:
Մանրամասն՝ տեսանյութում:











































