Միացյալ Թագավորության խորհրդարանը վավերացրել է Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը՝ իր թվիթերյան միկրոբլոգում հայտնել է Հայաստանում այդ երկրի դեսպան Ջուդիթ Ֆարնոութը: Այդպիսով Մեծ Բրիտանիան դառնում է ԵՄ անդամ իններորդ պետությունը, որ վավերացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը:
Հատկանշական է այն, որ Մեծ Բրիտանիան համաձայնագիրը վավերացրել է մի շրջանում, երբ քաղաքական թեժ քննարկումներ են կառավարության ու խորհրդարանի միջև, երբ տեղի ունեցավ «Բրեքզիթի» հարցով ԵՄ-ի հետ համաձայնագրի նախագծի քվեարկությունը, ու կառավարության ղեկավար Մեյը տապալվեց, մյուս կողմից, սակայն, իր հերթին չանցավ Մեյի կառավարությանն անվստահություն հայտնելու քվեարկությունը: Ահա այս բուռն և թեժ շրջանում հանկարծ տեղեկություն է ստացվում, որ բրիտանացի խորհրդարանականները ժամանակ են գտել Հայաստան-ԵՄ համաձայնագիրը վավերացնելու համար:
Եվրամիության հետ համաձայնագրի վավերացման թեման Հայաստանում քննարկվում է նոր կառավարության եվրոպական քաղաքականության գնահատման համատեքստում: Այստեղ իրողությունները հակասական են: Մի կողմից՝ ակնհայտ է, որ հայ-եվրոպական հարաբերությունը ունի որոշակի պասիվություն և դադար, մյուս կողմից՝ իհարկե, սա հասկանալի է թվում թե՛ թավշյա հեղափոխության ֆոնին, թե՛ նաև նոր խորհրդարանի ամբողջական կազմավորման՝ հաշվի առնելով այն, որ այդուհանդերձ եվրոպական ուղղությամբ աշխատանքի հիմնական ծանրությունը կենտրոնացած է խորհրդարանական թևի վրա:
Բանն այն է, որ եվրոպական կառույցների հետ աշխատող տարբեր խորհրդարանական պատվիրակություններն են ավելի հաճախակի ռեժիմով շփվում Եվրամիության հետ, և այդ իմաստով Հայաստանում խորհրդարանական նախորդ ութ ամիսները ստեղծել էին անոմալ վիճակ: Եվրամիության հետ շփումների այդ հիմնական խողովակները գտնվում էին նախորդ իշխող համակարգի ներկայացուցիչների ձեռքին, և այստեղ ոչ միայն էֆեկտիվության քաղաքական հարց կա, այլ նաև մոտիվացիոն տրամագծորեն տարբեր իրողությունների: Ու այստեղ իհարկե հարց է, թե անցնող ութ ամիսների ընթացքում Հայաստան-Եվրամիություն հարաբերության վրա այդ հանգամանքը ինչ ազդեցություն է թողել, իսկ գուցե ընդհանրապես խոսք կարող է գնալ թողած հետևանքի մասին: Առավել ևս, որ դրվագների մի զգալի մասին հանրությունը եղել է ականատես, երբ փորձ էր արվում Եվրոպայում բարձրացնել Հայաստանի ժողովրդավարական հետընթացի հարցն ու աշխուժացնել Հայաստանի նկատմամբ մոնիտորինգի ռեժիմը: Բարեբախտաբար եվրոպական կառույցները արագորեն ըմբռնեցին այստեղ թաքնված ռիսկերը, երբ նրանք կարող էին հայտնվել Հայաստանի հանրային շահի հետ հակադիր մի իրավիճակում, ինչը էական հարված կարող էր լինել Հայաստան-ԵՄ հետագա հարաբերությանը:
Այս տեսանկյունից Եվրամիության խորհրդարանում, այն էլ ներկայիս թեժ ներբրիտանական և ներեվրոպական բնույթի գործընթացներին զուգահեռ, Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացումը խորհրդանշական իմաստ է ստանում՝ վկայելով, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերության տիրույթում իրողությունները ամենևին մտահոգիչ չեն, ինչպես փորձ է արվում ներկայացնել նախորդ համակարգին հարող տարբեր խմբերից:
Մյուս կողմից՝ իհարկե ինքնին մտահոգիչ չլինելը չի կարող բավարար լինել, և Մեծ Բրիտանիայից ստացված ազդակը ավելի շատ ոչ թե գոհացուցիչ, այլ պատասխանատվության տակ դնող ազդակ է նոր խորհրդարանի համար: Եվ խնդիրը ամենևին համաձայնագիրը չէ, քանի որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի քայլը հուշում է, որ այստեղ ամենևին Հայաստանի, այսպես ասած, խթանների կարիքը չկա վավերացման գործընթացի առումով, և Հայաստանի հետ համաձայնագիրը եվրոպական օրակարգի մաս է և իր ընթացքն է ունենալու դրանում, ինչպես բավական բաց տեքստով ակնարկել էր նաև Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Այստեղ Հայաստանը չունի կոնկրետ համաձայնագրի վավերացման ուղղությամբ նպատակային աշխատանքի անհրաժեշտություն, ԵՄ-ն պատասխանատու է լինելու իր կնքած համաձայնագրի համար: Այստեղ խնդիրը ընդհանրապես Հայաստան-Եվրոպա ուղղությամբ նոր խորհրդարանի աշխատանքի դինամիկայի և բովանդակության աճի մասին է:




































