«Քաղաքացիական հասարակությունը արդարացիորեն հարց է բարձրացնում, որ անհրաժեշտ է հանրային քննարկում. որոշմանը լուրջ, բովանդակային հանրային քննարկումներ չեն նախորդել, այլընտրանքներ չեն մշակվել», – «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց սոցիոլոգ Սյուզան Բարսեղյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Ազգային ժողովն առաջիկայում կքննարկի կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է արմատապես փոփոխել կառավարության կառուցվածքը և կրճատել նախարարությունների թիվը:
Սոցիոլոգի դիտարկմամբ՝ այդպես էլ հանրությունը հիմնավոր պատասխան չստացավ, թե ինչու են փակվում կամ միավորվում որոշ նախարարություններ: Նրա խոսքով՝ տարօրինակ է, որ այսօրվա իշխանությունը նախորդ իշխանության գործունեության վերլուծությունից ելնելով է որոշում լուծարել կամ միավորել նախարարություններ, մինչդեռ պետք է ներկայացներ, թե իրենք ինչպես են պատրաստվում այդ գերատեսչություններն աշխատեցնել:
Անդրադառնալով հարցին, թե այսօր՝ թավշյա հեղափոխությունից հետո, Սփյուռքի հետ հարաբերություններում ինչ ինստիտուցիոնալ փոփոխություններ են անհրաժեշտ, Ս. Բարսեղյանը նշեց. «Մինչ այժմ եղել է պարտադրվող հայրենասիրության քաղաքականություն Սփյուռքի հանդեպ: Սփյուռքի ռեսուրսը միայն ֆինանսական չէ, այլ բազմազան է. ճիշտ աշխատանքի դեպքում այդ ռեսուրսները շատ ավելի մեծ օգուտ կտան, քան ստանում ենք ներդրումների տեսքով: Սփյուռքի հետ հարաբերությունների ռազմավարական ծրագիր չենք ունեցել մշակված, անհրաժեշտ է ոչ թե ուղերձներ հղել Սփյուռքին՝ խաղալով հայրենասիրական մոտիվացիայի վրա, այլ պետք է ռեալ աշխատել՝ ներառելով նաև սոցիալական և ֆինանսական մոտիվները»:
Մանրամասն՝ տեսանյութում:







































