«Մամուլի հետ սուրճ» հաղորդման հունվարի 18-ի հյուրը Թիվ 1 կայքի լրագրող Հեղինե Ասրյանն է։
Մեր զրուցակիցը ներկայացրեց կայքում առաջացած խնդիրները և նշեց.«Ամեն ինչ շատ առողջ ու լավ է սկսվել, այսպիսի ելք չէր կանխատեսվում։ Մենք բոլորս աշխատել ենք առավոտից երեկո, տուն ենք գնացել, էլի մտածել ենք, որովհետև կայքը կայացնելու խնդիր կար։ Հանկարծ սկսեց ինչ-որ բան փոխվել։ Էդգար Բաբայանի հետ որևէ խնդիր չի եղել, նորմալ գործընկերային, ընկերական հարաբերություններ են եղել»։
Հեղինե Ասրյանը հավելեց.«Անընդհատ ասվում էր, որ շուտով կլինի աշխատանքային պայմանագիր։ Սկսվեց աշխատավարձի հետ կապված խնդիր, անընդհատ ուշանում էր և մենք հասկանում էինք, որ կա ինչ-որ սուտ։ Ստերը սկսեցին իրար հետևել՝ այսօր կլինի, վաղը կլինի, ժամկետներ էին ասվում, փոխվում պատճառաբանությունները։ Ես ուզում եմ շեշտել մի բան՝ յուրաքանչյուրս շատ սրտացավ ենք, ընդունելով, որ դա ֆինանսական խնդիր է՝ Վարդ Սիմոնյանն առաջարկեց կայքի համար գնորդ գտնել, գտավ նոր ներդրող և պայմանավորվածություն ձեռք բերվեց այն վաճառել․ Էդգարը համաձայնվեց, իսկ մի քանի օր հետո ասաց, որ չի վաճառվում կայքը։ Կա ինչ-որ խնդիր, որի մասին մենք չգիտենք»։








































