Այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ելույթն անվանեց «Մարդու իրավունքները հետհեղափոխական Հայաստանում»: Նրա խոսքով՝ այժմ էլ կան մարդու իրավունքների խնդիրներ, և կարծես խոսողներ չկան. «Այն մարմինները, որ կոչված էին խոսելու, վախեցած են ֆեյսբուքյան կամ այլ ձևաչափերով հարձակումներից, և ամեն ինչ թացը չորի հետ վառվում գնում է»: Նա ընդգծեց, որ իրենք չեն լռել և չեն լռելու:
Մարուքյանը մտահոգություն հայտնեց. «Ոստիկանները սպասում են, որ մարդիկ թքեն փաստաբանի վրա, որ ասեն՝ լավ, մի քիչ քիչ թքեք: Ժողովուրդ ջան, էս ո՞ւր ենք հասել»:
Նա ընդգծեց, որ արդարադատության նախարարությունն էլ իրենց նախագիծն է դնում շրջանառության մեջ. «Սրան գրագողությո՞ւն ասեմ, ինչ ասեմ. յա, բա ո՞ւր էիք, բա մինչև հիմա գոնե մեկ հայտարարություն անեիք»:
«ՄԻԵԴ-ում արդեն կոմունիկացված գործ կա ձեր դեմ: Գաղտնալսման գործը չի մարսվել՝ դրա ձայնը դեռ կլսեք եվրոպական դատարաններից»,- իշխանություններին «շնորհավորեց» Էդմոն Մարուքյանը և հավելեց. «Հասել ենք նրան, որ հեղափոխությանը սատարած թերթի խմբագիր է բողոքում իշխանություններից. ո՞ւր են Հայաստանի մեդիա կազմակերպությունները: Ուռա-ուռա ասելով՝ խայտառակ ենք լինելու»:
Մանրամասները՝ տեսանյութում:






































