Նոր խորհրդարանի այսպես ասած կազմավորման գործընթացը թերևս հնարավոր է համարել ավարտված, հայտնի են նախագահությունը, հանձնաժողովները և դրանց նախագահները: Այդ գործընթացը քաղաքական գծի առումով աչքի ընկավ փոխնախագահի ընդդիմադիր քվոտայի համար «Լուսավոր Հայաստան»-ի և ԲՀԿ դիմակայությամբ, բանավեճն այդտեղ էր, ինչը ընդհանուր առմամբ թելադրված է իհարկե նոր քաղաքական իրողության առանձնահատկությամբ: Հանրությունը թերևս բազմաթիվ անգամներ է լինելու այդ դիմակայության ականատես: Խոշոր հաշվով դա է քաղաքականությունը, ի վերջո քաղաքական համակարգը առաջ կարող է գնալ քաղաքական ուժերի մրցակցությամբ: Կարևոր է այն, թե ինչ օրակարգով, ինչ հարցի շուրջ է այդ մրցակցությունը և հետայսու շատ նշանակալից կլինի, որ խորհրդարանական մրցակցության բովանդակային առանցքը ներառի շատ ավելի ընդգրկուն և համակարգային հարցեր:
Խոշոր հաշվով, նոր խորհրդարանի քաղաքական դիսկուրսի առաջնային երկու ուղղությունը պետք է դառնան տնտեսական վերափոխումն ու արտաքին-անվտանգային միջավայրային արձագանքները: Այստեղ պետք է ծավալվի բանավեճը երեք ուժերի միջև, ԲՀԿ-ԼՀ դիմակայությունն առավել արդյունավետ և կենսունակ ընդդիմություն դիտարկվելու համար, և երկու այդ ուժերի մրցակցությունն արդեն «Իմ քայլը» դաշինքի հետ դիմակայության առանձին ֆորմատներով: Արտաքին-անվտանգային ուղղությունը անհրաժեշտ է Հայաստանի միջազգային սուբյեկտության սպասարկման և թավշյա հեղափոխության արտաքին կապիտալիզացիայի դինամիկան բարձրացնելու համար: Մեզանում ընդունված է համարել, որ այստեղ անելիքը միայն կամ գերազանցապես Հայաստանի որևէ պատասխանատու կառույցի և արտաքին որևէ գործընկերոջ հարաբերության, շփումների, գործուղումների դաշտում է: Այո, բայց ոչ միայն, և դա նույնիսկ չպետք է լինի գերական:
Ավելին, արտաքին շփումների բովանդակությունն ըստ էության պետք է ածանցվի ներքին դիսկուրսի բովանդակությունից: Ըստ այդմ այստեղ առաջնայինը պետք է լինի ներքին քննարկումները, և մասնավորապես խորհրդարանի մասին խոսելիս պետք է նկատի առնենք մշտական, տևական աշխատանքը այդ ուղղությամբ: Դա պետք է լինի խորհրդարանական աշխատանքի անընդհատ գիծ, անկախ նիստերի հաճախակիությունից: Ավելին, նիստային օրակարգում դա կարող է և հայտնվել առիթից առիթ և խորհրդարանի աշխատանքում խոշոր հաշվով արտաքին-անվտանգային առանցքը պետք է ընթանա զուգահեռ՝ հանձնաժողովական մակարդակում: Հատկապես, որ այստեղ հենց հանձնաժողովներն են, որ կտան հնարավորություն ընդլայնել դիսկուրսի շրջանակը և դուրս բերել այն հանրային լայն մակարդակ և փորձել օրինակ հասարակական ուշադրությունը կենտրոնացնել անվտանգության, արտաքին քաղաքականության առանցքային հարցերի վրա: Տնտեսական գիծը անշուշտ որոշակիորեն առնչվում է նաև արտաքին-անվտանգայինին, ի վերջո այդ ամենի տակ պետք է լինի կենսունակ տնտեսություն՝ օդային դեկլարացիաների արտաքին և անվտանգային քաղաքականություն չունենալու համար:
Սակայն միևնույն ժամանակ այստեղ խոսքն այն մասին է, որ նոր խորհրդարանի հիմնարար խնդիրը պետք է լինի Հայաստանում տնտեսական ոչ միայն առավել բարձր արդյունքի միջավայրի ապահովումը, այլ նաև տնտեսական ստատուս-քվոյի բովանդակային փոփոխության հասնելը, բազմազանեցնելը, այլապես մենք չենք կարող ունենալ նաև հիմնավորապես և ինստիտիտուցիոնալապես բազմազան հասարակական-քաղաքական շերտավորում: Ի վերջո, այստեղ հիմնարար խնդիրներից մեկը քաղաքականության սոցիալական բազայի ձևավորումն է, որովհետև առանց դրա չենք կարող ունենալ կայուն քաղաքական համակարգ և հասարակական-քաղաքական ինստիտուցիոնալ իրական կյանք:
Լուսանկարը՝ panorama.am-ի









































