Պետական սահմանապահ ծառայությունը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ցուցադրել է Elbit Systems իսրայելյան ընկերության Sky Striker հարվածային անօդաչու թռչող սարքերը:
Ալիևին անօդաչու թռչող սարքերը ցուցադրվել են առաջնորդի Բաքվի մերձակայքի Թյուրքան ավանում գտնվող ափամերձ պահպանության նավերի շինարարության և վերանորոգման կենտրոն այցելության ժամանակ:
Նախագահ Ալիևի կենտրոն այցի լուսանկարները հրապարակվել են պաշտոնական լրատվամիջոցներում:
Sky Striker-ը նախատեսված է հակառակորդին հեռահար մարտավարական հարվածներ հասցնելու համար: Դրա համար դրոնը զինված է 5 կամ 10 կիլոգրամանոց մարտագլխիկով: 5 կիլոգրամանոց մարտագլխիկով դրոնի թռիչքի առավելագույն տևողությունը 2 ժամ է, 10 կիլոգրամանոցինը՝ մեկ ժամից ոչ ավելի: Սարքի առավելագույն արագությունը 185 կմ/ժ է, իսկ թիրախը խոցելու պահին՝ մինչև 500 կմ/ժ:
Դրոնը նաև ցածր ակուստիկայով էլեկտրական շարժիչ համակարգ ունի, որը թույլ է տալիս գաղտնի գործողություններ իրականացնել ցածր բարձրությունների վրա:
Sky Striker-ն օգտագործում է ինքնավար նավիգացիոն համակարգ: Դրոնի օպերատորը հնարավորություն ունի դադարեցնել հարձակումը, շրջանցել և նորից հարձակվել նույն կամ այլ թիրախի վրա, ինչպես նաև սարքը վերադարձնել բազա օպերացիայի ցանկացած էտապում՝ օգտագործելով պարաշյուտ կամ փչովի պարկ:








































