Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն այսօր ասուլիսին վստահեցրել է, որ դեկտեմբերի 31-ին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը մանիպուլացնող հայտարարություններ է արել իրենց ծառայության կողմից ԵՊՀ-ում անցկացված ուսումնասիրությունների վերաբերյալ:
«Ներկա ու նախկին բոլոր պաշտոնյաներին խորհուրդ չեմ տալիս Արամ Սիմոնյանի օրինակին հետևել և հայտարարել, որ կատարվողն իր նկատմամբ քաղաքական հետապնդում է՝ հայտարարելով, թե ինքը Հանրապետական կուսակցության անդամ է, և այդ պատճառով է այդ ամենը կատարվում»,- նշեց Սանասարյանը։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արամ Սիմոնյանը ասաց, որ երկու ժամվա ընթացքում իրենք հանդես կգան հայտարարությամբ։ Նաև նշեց, որ Դավիթ Սանասարյանը ստահոդ հայտարարություն է արել։
Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանը հայտարարել էր, որ ուսումնասիրության արդյունքում հիմնադրամին հասցվել է ավելի քան 800 մլն դրամի վնաս։ Իսկ տարեվերջյան հրատապ ասուլիսում Արամ Սիմոնյանը մեղադրանքը համարել էր դեկլարատիվ և անապացուցելի:







































