Այսօր տեղի է ունեցել ՀՀ խորհրդարանի նորընտիր պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Ի դեպ, առաջին անգամ պատգամավորներին մանդատներ հանձնել են ոչ թե ԿԸՀ-ից, այլ ընտրողները։
Այսօրվա խորհրդարանի հետ կապված ի՞նչ զգացողություններ ունեք. «Առաջին լրատվական»-ի հարցին Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը պատասխանեց․ «Ես ժամանակին քաղաքական գնահատական եմ տվել, որն այսօր չի փոխվել, որովհետև չի փոխվել քաղաքական իրողությունը։ 2018 թվականի թավշյա հեղափոխությունը Հայաստանում ենթադրում էր նաև նոր քաղաքական դաշտի ձևավորում, քաղաքական դաշտի առողջացում, և ընտրությունների անցկացում, որոնց արդյունքում այնպիսի քաղաքական քարտեզի ձևավորում, որը միտված կլիներ Հայաստանի քաղաքական առաջընթացի զարգացմանը, Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական մշակույթի ձևավորմանը, կայացմանը։ Ես կարծում եմ, որ այսօրվա խորհրդարանը ապաքաղաքական է։ Այնտեղ բացակայում է քաղաքական մտածելակերպը, քաղաքական մտածողությունը։ Խորհրդարան են մտել մեծամասամբ այնպիսի դեմքեր, որոնք շատ հեռու են քաղաքականությունից և, երևի, շատ բան չեն էլ հասկանում ընդհանրապես, անգամ հեղափոխության բերած փոփոխություններից։ Այդ իսկ պատճառով ներկայիս Ազգային ժողովը չի կարող պատասխանել երկրի առջև կանգնած մարտահրավերներին»։
Ն. Մկրտչյանի դիտարկմամբ՝ այնպես չէ, որ խորհրդարանում հայտնված «Իմ քայլը» դաշինքի անդամ 88 պատգամավորները կապված են հեղափոխության հետ, իսկ խորհրդարանից դուրս մնացած մարդիկ կապ չունեն: «Հեղափոխությունը պետք է բերեր նոր հասարակարգի ձևավորմանը, բայց հասարակությունը չփոխվեց. փոխվեցին պահանջները իշխանություններից, բայց քաղաքական ընկալումները շարունակում են մնալ պարզունակ մակարդակի վրա»,- նշեց ՄԱԱ նախագահը:
Ն. Մկրտչյանի կարծիքով՝ այս կազմով խորհրդարանը չի կարող պատասխանել Հայաստանի աջռև կանգնած մարտահրավերներին ու խնդիրներին և չի կարող ապահովել Հայաստանի զարգացման հեռանկարը: Նրա խոսքով՝ այս խորհրդարանն անցումային է. «Ունենք անցումային կառավարություն, անցումային իշխանություն»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Ամբողջությամբ՝ տեսանյութում։










































