Երեկ գրոհայինների մի խումբ հարձակվել է Քաբուլի ամենամեծ հյուրանոցներից մեկի՝ Intercontinental-ի վրա: Այստեղ են սովորաբար հանգրվանում Աֆղանստան ժամանած բարձրաստիճան պաշտոնյաները: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Հեռուստաալիքի փոխանցմամբ, բոլոր գրոհայինները սպանվել են: Հարձակումից հետո հյուրանոցի ազատագրումը տևել է 5 ժամ: Երեք մահապարտներ հյուրանոցը գրոհելիս պայթեցրել են իրենց հյուրանոցի ներսում: Անդադար լսվել են կրակոցներ, իսկ հարձակվողներից մեկը թաքնվել է տանիքում և կրակ բացել այնտեղից, որից հետո ՆԱՏՕ-ի ուղղաթիռը չեզոքացրել է նրան: Հյուրանոցում մի քանի ժամ խուճապ և քաոս է եղել, քանի որ հարձակումից անմիջապես հետո շենքում անջատվել է հոսանքը:
Նախնական տեղեկություններով՝ զոհվել է 12 մարդ, 6-ը ստացել են մարմնական վնասվածքներ:









































