Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գևին Ուիլյամսոնին մեղադրել են երկրի վարչապետ Թերեզա Մեյին պաշտոնանկ անելու մտադրությունների մեջ:
The Times թերթի տվյալներով՝ մեղադրանքները հիմնված են Ուիլյամսոնի և նրա երկու ընկերների զրույցի վրա, որը լսել է Beaumont հյուրանոցի ռեստորանի այցելուներից մեկը: Պարբերականի զրուցակիցը նշել է, որ զրույցը կայացել է վարչապետին անվստահության քվե հայտնելու անհաջող փորձից 5 օր անց:
Ինչպես հաստատում է Times-ի աղբյուրը, բրիտանացի նախարարը ընկերների հետ կիսվել է ոչ միայն Մեյին հեռացնելու իր ծրագրերով, այլև նրա պաշտոնին պոտենցիալ թեկնածուների, մասնավորապես՝ ՆԳՆ ղեկավար Սաջիդ Ջավիդի և ԱԳ նախարար Ջերեմի Հանթի:
Ուիլյամսոնին մտերիմ՝ պարբերականի զրուցակիցը զրույցի մասին տեղեկությունը անվանել է «խայտառակ ծաղր»: Նրա կարծիքով՝ պաշտպանության նախարարի շուրջ սկանդալը «զրպարտչական արշավի» մաս է:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում անցկացվել է Մեյին անվստահություն հայտնելու քվեարկություն, որի արդյունքներով, սակայն, վարչապետը ստացել է պահպանողականների մեծամասնության աջակցությունը և պահպանել է իր պաշտոնը:









































