«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը։
-Պարոն Թադևոսյան, որքանո՞վ կարող է քաղաքական հեղափոխությունը հեղափոխության հանգեցնել նաև մշակույթում։ Առհասարակ ի՞նչ հնարավորություն կա դրա համար, ինչպե՞ս և ե՞րբ է հնարավոր հասնել մշակութային հեղափոխության։
-Այս հարցը վերջին շրջանում շատ քննարկվող հարցերից է։ Մասնավորապես, հասարակության ինչ-որ մի հատվածի մեջ մի մտայնություն կա, որ քաղաքական հեղափոխություններն անպայման պետք է ուղեկցվեն փոփոխություններով կամ հեղափոխությամբ։ Խնդիրն այն է, որ միշտ չէ, որ կարող է քաղաքական հարթության հեղափոխությունն անպայման տեղափոխվի նաև մշակութային հարթություն։ Նաև շատ կարևոր է հասկանալ, թե ինչ ենք մենք ակնկալում մշակութային հեղափոխություն ասելով, որովհետև մշակութային հեղափոխությունը շատ նեղ բովանդակություն չունի, տարբեր մեկնաբանություններ ունի, բայց հասկանում եմ, որ գուցեև դրա տակ հասկանում ենք հիմնականում այն, ինչ տեղի ունեցավ 1960-ականների վերջին՝ Արևմուտքում, այսինքն՝ երբ երիտասարդությունն աստիճանաբար փորձում էր հրաժարվել ավագ սերնդի արժեքներից և ավելի անհատակենտրոն արժեքների ձևավորմանն էր գնում։ Հիմա եթե այս տեսանկյունից մոտենանք, ապա մեր հասարակությունն ավելի խմբակենտրոն հասարակություն է, և հավանականությունը, որ միանգամից հնարավոր է, որ հասարակությունը վերափոխվի և անհատակենտրոնությունը և անհատի վրա հենված արժեհամակարգը դառնա ցանկալի հարց, հետո մարդիկ ձգտեն դրան, քիչ հավանական եմ համարում։ Իհարկե, մեր հասարակությունում կան խմբեր, երիտասարդների ինչ-որ մի հատված, ովքեր ավելի անհատակենտրոն են և, իհարկե, նրանց դերակատարությունը այս քաղաքական պրոցեսների ընթացքում շատ մեծ է այն իմաստով, որ քաղաքացիությունը որպես երևույթ մշակութային երևույթ է և հենց հենվում է անհատակենտրոնության վրա։ Այսինքն՝ երբ մշակույթում հիմնարար արժեքը հենց անհատն է, մարդն է, այլ ոչ թե խումբը, և քաղաքացին հենց այն անհատն է, որը դիրքավորվում է՝ հենվելով իր անհատականության վրա, այլ ոչ թե իր հետևում կանգնած խմբի վրա, ինչպես, օրինակ, ազգն է, ցեղն է, ընտանիքն է, այլ հենվում է հենց ինքն իր վրա և հանդես է գալիս հենց ինքն իր անունից։ Նման բան մեզանում շատ քիչ կա, և դրա առաջին դրսևորումները մենք նկատեցինք 2000-ականների երկրորդ կեսից հետո, հատկապես 2008 թվականից հետո, երբ հայտնվեցին երիտասարդներ, ովքեր սեփական դիրքից էին խոսում, որովհետև այդ սեփական դիրքից խոսելն է նաև, որ փոխում է նաև փոխհարաբերության ձևը՝ առաջացնելով նոր փոխհարաբերություն՝ տեղափոխում է սոցիալական չգրված նորմերի հարթությունից իրավունքի հարթություն, և այդ իրավունքը բերում է նաև հավասարության պահանջը հասարակության բոլոր խավերի մեջ։ Այսինքն՝ անկախ նրանից՝ մարդը պաշտոնյա է, ոստիկան է, թե սովորական քաղաքացի, նրանք պետք է իրար հետ հարաբերվեն՝ ելնելով մարդկային իրավունքից և որպես հավասարներ։ Սրանք շատ առանցքային հարցադրումներ են, որոնք հենց պետք է ընկած լինեն մշակութային հեղափոխության հիմքում։ Եվ ամենակարևոր բաներից մեկը, իհարկե, մարդու ազատությունն է։ Ազատությունը անհատական մակարդակում, ազատությունը խմբից, և պատահական չէ, որ 60-ականների վերջերից նշածս մշակութային հեղափոխությունները, որ Արևմուտքում տեղի էին ունենում, երիտասարդները փորձում էին ազատագրվել իրենց խմբերից, ծնողների ազդեցությունից, նրանց ավանդույթներից և ընդհանրապես ավանդույթներից։ Խոսքը նրա մասին չէ, որ ընդհանրապես ավանդույթը, որպես երևույթ, մերժվի, այլ խոսքն այն մասին է, որ այդ կարծրատիպային ավանդույթները, որոնք խմբակենտրոն էին և կաշկանդում էին անհատի զարգացումը, դրանք մերժվեն։ Ես հիմա չեմ հավատում, որ մեր հասարակությունը հասունացել է այն աստիճան, որ անհատակենտրոնության կարող է ձգտել, բայց մենք ունենք երիտասարդության մեջ մի զգալի հատված, որի բազային արժեքը մարդն է, որը կարող է դրսևորել քաղաքացիություն և քաղաքացիական վարքագիծ, այլ ոչ թե խմբային, թաղային, կլանային վարքագիծ, ինչը առավել բնորոշ է մեր միջավայրին։
-Այս բա՞ցն է պատճառը, որ մենք տեսնում ենք, որ կախում կա մեկ հոգուց, սպասումներ մեկ հոգուց, որ եկել է լուծի բոլոր խնդիրները։ Դրա համար էլ երբեմն անհանդուրժողականության դրսևորումներ ենք տեսնում համացանցում, այսինքն՝ եթե որևէ մեկը այլընտրանքային կարծիք է հայտնում, տեսնում ենք՝ ինչպիսի արձագանք է գտնում այն։
-Միանշանակ չենք կարող ասել, որ դա է պատճառը, որովհետև այս շարժումը տարբերվում էր նախորդներից հենց նրանով, որ առաջին հերթին փողոց դուրս եկած երիտասարդության մեջ ավելի գերակայող էր ոչ թե հենց փրկչից ակնկալիքը, այլ հենց այն դիսկուրսը, որը վերաբերում էր իրավունքի իրացման խնդրին և դրանով էր տարբերվում այս շարժումը։ Ինքը՝ որպես քաղաքական շարժում, իր հիմքում ավելի քաղաքացիական արժեքների վրա էր հենված։ Բայց ամեն դեպքում հասարակության մի զգալի հատվածի մեջ կա, իհարկե, այն ակնկալիքը, որ իրենք անում են առաջին քայլը՝ ազատագրումը դիկտատորից, որից հետո գալու է ղեկավար, որն այլևս չի լինելու դիկտատոր և որը պետք է փորձի իրենց կյանքը լավացնել։ Իրականում այդ ոչ այդքան հանդուրժողական վերաբերմունքը, քննադատական խոսքերը ուղղված Նիկոլ Փաշինյանի հասցեին, ավելի շատ գալիս են, իմ կարծիքով, այնտեղից, որ այդ քննադատողների մեջ շատ են որպես նախկին իշխանության և ռեժիմի խոսափողները, ովքեր, իհարկե, շատ հմուտ ձևով քողարկում են իրենց հակահեղափոխականությունը քննադատության տակ, բայց դա շատ ակնհայտ է։ Բոլորը շատ լավ հասկանում են և ունեն մտավախություն այդ ռեակցիայի վերադարձի, և այս փուլում իրենց այդ ոչ հանդուրժողական վերաբերմունքը քննադատությանն ավելի շատ պայմանավորված է նախկին ռեժիմի վերադարձի հավանականության հանդեպ ունեցած վախով։ Իհարկե, սա նաև խոչընդոտող գործոն է առողջ քննադատության համար, մարդիկ զգուշավոր են մոտենում նաև առողջ քննադատությանը և առայժմ առողջ քննադատությունը նույնպես անցանկալի է։
-Կարծում եք՝ ժամանա՞կ է պետք։
–Այո, ժամանակ է պետք, ժամանակ է պետք, որպեսզի այդ ժամանակահատվածում նախկիններն ընդհանրապես քաղաքական ասպարեզում կամ փոխեն իրենց գործունեության ոճը և իրական քաղաքական գործելաոճ ընտրեն, որը մարդկանց մոտ վստահություն կառաջացնի, որ արդեն նրանք ոչ թե ուզում են նորից վերադառնալ և վերականգնել այդ հանցավոր ռեժիմը, այլ գործ ունենք քաղաքական ուժի հետ։ Եթե այդ զգացողությունը ձևավորվեց, քննադատության հանդեպ վերաբերմունքը նույնպես հանգիստ կլինի, բայց եթե ՀՀԿ-ն և քոչարյանական ուժերը շարունակեն իրենց ֆեյքերի միջոցով, իրենց կողմից սնուցվող լրատվամիջոցների միջոցով շարունակել դաշտում լարվածությունը պահել նշածս որակի մեջ, ապա այս պրոցեսը երկար կտևի։
-Մշակութային հեղափոխության ամբողջականացման համար ի՞նչ է պետք, որ տեղի ունենա։
-Մշակութային հեղափոխությունն ամենաերկար տևող պրոցեսներից է։ Դա, իհարկե, սերնդի փոփոխման խնդիր է, դա կարող է անել նոր սերունդը և, ինչպես տեսանք, քաղաքական հեղափոխությունը եղավ սերնդափոխության ընթացքում։ Սերնդափոխություն տեղի է ունեցել, բայց նոր սերնդում արժեքների փոփոխությունը դեռևս ընթացքի մեջ է։ Եվ այդ ամենակարևոր փոփոխությունը, իմ կարծիքով, հիմնարար արժեքն է, դա խմբակենտրոնությունից դեպի մարդակենտրոնություն անցումն է, երբ ոչ թե մարդն է ածանցված խմբին, այլ խումբն է ածանցված մարդուն, այսինքն՝ մարդը դառնում է գլխավոր արժեք։ Եթե այս արժեհամակարգը դեռևս չի մտել հասարակության լայն խավերի մեջ, հատկապես նոր երիտասարդ սերնդի մեջ, ապա վաղ է խոսել մշակութային հեղափոխության մասին, բայց կարող ենք ասել, որ այսօր նկատելի է, որ Հայաստանում կան նոր եկող սերնդի մեջ զգալի թվով անհատներ և անհատների խմբեր, ովքեր այս արժեքային փոխակերպման պրոցեսում են։ Այսինքն՝ նկատելի են միտումներ։ Այսօր կանխագուշակումներ անելը, իհարկե, անշնորհակալ գործ է, բայց այն, որ կան միտումներ, դա ակնհայտ է, իսկ որ կլինի լուրջ և գլոբալ մշակութային հեղափոխություն, իմ կարծիքով, միանգամից այն դժվար թե լինի առաջիկա տարիներին։ Ամեն դեպքում մեր հասարակությունը, այդ թվում՝ մեր հասարակության մի զգալի հատված պահպանողական է, քան ինովատիվ, դրա համար այդ պահպանողականությունը ստեղծում է այդ ներքին կոնֆլիկտը մարդակենտրոն և խմբակենտրոն արժեհամակարգ ունեցող երիտասարդության և խմբերի միջև։ Այդ կոնֆլիկտը գոյություն ունի, բայց կարևոր մի բան է տեղի ունեցել, որ եթե նախկինում մարդակենտրոն արժեհամակարգ կրող երիտասարդությունը շատ կտրուկ էր մերժվում կոնֆլիկտի մեջ խմբակենտրոնների կողմից, որոնք մեծամասնություն են կազմում հասարակությունում, այս հեղափոխությունից հետո ավելի հանդուրժողաբար են վերաբերվում նրանց, որովհետև հասկացան, որ իրենք են, որ կարողացան փոփոխություն մտցնել։ Եվ բոլոր տեղերում խմբակենտրոններն ավելի շատ կատարողի դերում էին, իսկ առաջնորդողի դերում այս քաղաքական հեղափոխության ընթացքում անհատակենտրոն անհատներն էին։ Այնպես որ, այդ պրոցեսն էլ կա, բայց չափազանցնել չի կարելի։








































