Ամառային տապի ուժգնանալուն զուգահեռ՝ մարդիկ օրեցօր ավելի շատ են մտածում դրանից փախչելու ելքերի մասին և ամառային հանգիստը կազմակերպելու էժան ու որակով տարբերակ են որոնում։ Այս համադրությունը Հայաստանում գտնելը ֆանտաստիկայի ժանրից է. Հայաստանի հանգստի գոտիներում եթե կան համեմատաբար որակյալ սպասարկում առաջարկող հյուրանոցներ, ապա դրանց գինն այնքան բարձր է, որ մարդիկ նախընտրում են հանգստանալու մեկնել արտերկիր։ Թեև, ինչպես հայտնում են տուրիստական գործակալությունները, արտերկիր մեկնողների թիվը զգալիորեն կրճատվել է՝ համեմատած նախորդ տարիների այս ժամանակահատվածի հետ, այնուամենայնիվ դա տեղի չի ունեցել ներքին տուրիզմի զարգացման հաշվին։
Այս տարի կրկին մեծացել է հետաքրքրությունն ու պահանջարկը Վրաստանի հանգստյան գոտիների հանդեպ։ Հայաստանից շատերն են պլանավորում ծովափնյա հանգիստ վայելել Բաթումում, Քոբուլեթիում կամ Ուռեկիում։ Բաթում գնալու գինը ևս բարձրացել է, այն ավելի թանկ է, քան Քոբուլեթի և Ուռեկի ուղևորությունը։ Հուլիս ամսին գները համեմատաբար էժան են, քան օգոստոսին։ Այս տարի Երեւան-Բաթում գնացքի տոմսերը թանկացել են 1500-ից մինչեւ 4000 դրամով, ինչպես հայտնում են Հարավկովկասյան երկաթգիծ ՍՊԸ-ից, այժմ գնացքի կուպեում մեկ հոգու ուղեվարձը արժե 15,360 դրամ։ Ավտոբուսով ուղևորությունը մի փոքր ավելի թանկ է՝ մեկ անձի համար 18,000 դրամ։
Հայաստանից Բաթում ուղևորություններ առաջարկող տուրիստական գործակալությունները հիմնականում առաջարկում են հանգստի համարներ կամ վարձով բնակարաններ, որոնց վարձի մեջ չի ներառվում սնունդը։ Տուրիստական գործակալությունները հաղորդում են, որ բնակարանի 15-օրյա վարձակալությունը արժե 96,500 դրամ։ Հյուրանոցում 7 օրվա վարձը 2 անձի համար արժե մոտ 860 դոլար՝ առանց սնունդի։ Տուրիստական մեկ այլ գործակալություն առաջարկում է ավելի էժան տարբերակ՝ 282,000 դրամ 4 հոգու համար՝ ներառյալ ավտոբուսով ճանապարհավարձը՝ 60,000 դրամ։ Այսինքն՝ 7 օրյա միայն օթևանի հարցի լուծումը մեկ անձի համար կարող է արժենալ 70,000 դրամ։ Եթե հաշվի առնենք նաև սննդին հատկացվելիք մինումում ծախսերը՝ օրական մոտ 5000 դրամ մեկ անձի համար, ապա 7-օրյա հանգիստը Բաթումում յուրաքանչյուր ոք կարող է անցկացնել 105,000 դրամով՝ ճանապարհածախսը չհաշված։ Գների այս ցանկին ծանոթանալուց հետո ինքներդ դատեք՝ հասանելի՞ է, արդյոք, հանգիստը Բաթումում Հայաստանի քաղաքացիների համար։









































