Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Սարգիս Երիցյանի նախագահությամբ, այսօր կայացած Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի գործով դատական նիստի ընթացքում դատավորը մերժեց «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի փաստաբան Սահակ Գագինյանի՝ նախորդ նիստին ներկայացրած բացարկի միջնորդությունը։
Հիշեցնենք, որ փաստաբանը նախորդ նիստին բացարկի միջնորդություն ներկայացրեց Սարգիս Երիցյանին այն հիմքով, որ դեռևս նախնական դատական նիստերի ընթացքում դատավորը կողմնակալ մոտեցում է ցուցաբերել գործին։ Մասնավորապես, չի բավարարել այս գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ իր ներկայացրած միջնորդությունը մինչև ՀՔԾ վարույթում քննվող Մարտի 1-ի գործով եզրափակիչ ակտի կայացումը։
Բացի դրանից՝ բացարկի հիմքերից մեկն էլ այն էր, որ դատավոր Երիցյանը ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ նրա խորհրդական աշխատած Սերգո Երիցյանի որդին է։ Այդ փաստն ինքնին չէր կարող բացարկի հիմք լինել, սակայն դատավորի կողմնակալ և ոչ անաչառ գործողությունների համատեքստում, փաստաբանի խոսքերով, այդ փաստն ազդել է դատավորի ընթացակարգային որոշումների, դիրքորոշման և գործողությունների վրա և կարող է ազդել նաև եզրափակիչ դատական ակտ կայացնելու վրա։
Դատավորը, սակայն, այսօր մերժեց բացարկի միջնորդությունը, պատճառաբանությամբ, որ միջնորդության մեջ նշվածը իր դիրքորոշումը չի, այլ սովորական վրիպակ։
Ինչ վերաբերում է իր ազգակցական կապերին, ապա դատավորը նշեց, որ դա նախկինում էլ կարող էր հայտնի լինել կողմին։ Մինչդեռ, փաստաբանի խոսքերով՝ նախկինում հայտնի լինել-չլինելը էական չէ։ Դատավորը կոնկրետ փուլից է սկսել կողմնակալ մոտեցում ցուցաբերել գործին։
Բացարկի միջնորդությունը մերժելուց հետո 1in.am-ի փաստաբանը փորձեց միջնորդություն ներկայացնել՝ հետաձգել դատական նիստը, որպեսզի նոր հիմքով բացարկի միջնորդություն ներկայացնի դատավորին, քանի որ դատավորը նախորդ նիստին ասել էր, որ մի փոքր ուսումնասիրություն է արել «Ժամանակ» օրաթերթում՝ պարզելու համար՝ կարող էր կողմին ավելի վաղ հայտնի լինել իր ազգակցական կապերը Սերգո Երիցյանի հետ։ Փաստաբանի խոսքերով՝ դա նշանակում է, որ դատարանը ինքնուրույն փաստ է հավաքել գործի շրջանակներում, որը, սակայն, դատավորը այլ կերպ որակեց՝ գործի շրջանակներում ինքնուրույն տեղեկատվություն ստուգելու քայլ է եղել։ Հետևաբար՝ դատարանը արձանագրային որոշմամբ մերժեց նաև այդ միջնորդությունը։
Դրանից հետո, արդեն դատաքննության փուլում ներկայացվեց հայցի, պատասխանողի կողմից հնչեցին հարցեր, սակայն Քոչարյանի փաստաբանը հրաժարվեց պատասխանել պատասխանողի հարցերին՝ հայտարարելով, որ հարցերը վերաբերելի չեն գործին։
Մինչդեռ փաստաբանը հարցնում էր, թե Քոչարյանը ինչ պաշտոն է զբաղեցրել հոկտեմբերի 27-ին, 2008-ի մարտի 1-2-ը։ Արդյոք Քոչարյանին մեղադրանք առաջադրվել է, թե ոչ։ Փաստաբանն այս հարցերն էր ուղղում, քանի որ դատական հայցի հիմք հանդիսացած 1in.am-ի հրապարակումը վերաբերում է հենց այս ամենին։ Ամեն դեպքում դատարանը ևս արձանագրեց, որ հայցվորի ներկայացուցիչը հրաժարվում է պատասխանել պատասխանողի հարցերին։
Սահակ Գագինյանը նշեց, որ հայցի առարկա դարձած 4 հրապարակումներից երեքը վերլուծական հոդվածներ են, որոնց մեջ լրագրողը քննադատաբար է մոտեցել հարցերին, ինչպես նաև որոշ տեղեր հնարավոր է՝ կիրառել է չափազանցություն և սադրանք, որոնք բոլորը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերով համարվում են թույլատրելի օբյեկտիվ իրականությունը բացահայտելու համար։
Այսօր կայացած դատական նիստում քննությունն ավարտվեց։ Հունվարի 18-ին կհրապարակվի այս գործով դատական ակտը Datalex տեղեկատվական համակարգում։ Որոշման հրապարակման համար նիստ չի լինելու։








































