Անգլիական Քենդլ քաղաքի բնակիչը եկել է դատարան մի գործով, որի շրջանակներում նա կասկածվում է գողության մեջ, գողացված բաճկոնն էլ հագին, հայտնում է DigitalSpy-ը: Քննության արդյունքում 46-ամյա Սթիվեն Քիրքբրայդը ճանաչվել է մեղավոր հանցագործություն կատարելու մեջ: Դատավորին վճիռը կայացնելու մեջ օգնել է հենց այն բաճկոնը, որը գողացվել է, և որը ճանաչել է խանութի աշխատակիցը:
Քիրքբրայդի գործի համաձայն՝ նա Քենդլի սպորտային հագուստի խանութից հանել է դիզայներական երկշերտ անջրաթափանց մի բաճկոն՝ նրանից պոկելով հատուկ պաշտպանիչ մագնիսը: Գողությունից հետո ոստիկանները գողի տանից գտել են բաճկոնի ներսի արձակվող մասը: Հենց նույն բաճկոնն էլ հագնելով` Քիրքբրայդը որոշել էր ներկայանալ դատարանի դահլիճ: Երբ խանութի ներկայացուցիչը ճանաչել է բաճկոնը, հայտնել է այդ մասին դատարան: Այն ուսումնասիրել են և նրա վրա հայտնաբերել փոխված մագնիսի հետքերը:
Սակայն Քիրքբրայդը հերքել է այն վարկածը, որ ինքը եկել է գողացած բաճկոնով, նա պնդել է, որ գնել է այն այլ խանութից: Նա իբր իմացել է, որ այն վնասված է, բայց գինը հարմար է եղել իրեն և գնել է: Քիրքբրայդի փաստաբանները նշել են, որ եթե իրենց պաշտպանյալը իրոք բաճկոն գողանար, ապա դրանով չէր ներկայանա դատարանի դահլիճ: Դատարանը նրան մեղավոր ճանաչեց: Թե ինչ պատժամիջոց կկիրառվի նրա հանդեպ, դեռևս պարզ չէ:










































