Դերասան Ռոբերտ Դե Նիրոն Դոնալդ Թրամփի գործողությունները ԱՄՆ նախագահի պաշտոնում ընկալում է որպես «գիշերային մղձավանջ, որը հնարավոր չէ մոռանալ»: Այս մասին նա ասել է CNN-ին տված հարցազրույցում:
«Սա ամոթալի է, բայց մենք կհաղթահարենք: Սա գիշերային մղձավանջի է նման, որը չես կարողանում մոռանալ»,- ասել է 75-ամյա դերասանը և հավելել, որ մի քանի տարուց սա կանցնի ինչպես «ցանկացած վատ երազ»:

Դերասանը բացատրել է, որ հանդես է գալիս Թրամփի դեմ, քանի որ գիտի, թե ինչպիսի մարդ է նա: Բացի դրանից, Դե Նիրոն նշել է, որ նախագահի հայտարարությունները անիմաստ են և հիմար, և պետք չէ նրանից որևէ խելամիտ բան ակնկալել:
Դերասանը բազմիցս քննադատել է ԱՄՆ նախագահին: Հունիսին նա «Թոնի» թատերական մրցանակաբաշխության արարողության ժամանակ հայհոյել է Թրամփին, իսկ ավելի վաղ նրա նախագահ ընտրվելը համեմատել սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետ: Ի պատասխան հայհոյանքների Թրամփը Դե Նիրոյին ցածր IQ ունեցող մարդ է անվանել և նկատել, որ նկարահանումների ժամանակ դերասանը չափից ավելի հարվածներ է ստացել գլխին:












































