Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրի ապակեպատ դահլիճում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվեց 2016 թվականի նոյեմբերի 13-ին Չարբախում՝ «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կատարված աղմկոտ սպանությունների գործով դատական քննությունը:
Ամբաստանյալի աթոռին երեք ամբաստանյալներ են՝ Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամ» մականունով, Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկ» մականունով, նաև՝ Արմեն Գասպարյանը՝ «Բդո» մականունով:
Ըստ մեղադրանքի, Արմեն Գասպարյանը՝ «Բդոն», հանդիսանալով «Նորատուսցի Ալիկի» մտերիմը, թիկնապահը և մշտապես ուղեկցելով նրան, հաստատապես տեղեկացել է «Նորատուսցի Ալիկի» օժանդակությամբ ու դրդչությամբ «Չարբախցի Գեղամի», Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված այլ անձանց կողմից, խմբի կազմում դիտավորությամբ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մասին, սակայն դրսևորել է հանցավոր անգործություն և նախապատրաստվող ծանր հանցագործության մասին դիտավորությամբ չի հայտնել իրավասու մարմիններին:
Արմեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 335 հոդվածի 1-ի ն մասով:
Մյուս երկու ամբաստանյալներին առաջադրված են ծանր մեղադրանքներ:
Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամը», մեղադրվում է խմբի կազմում դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, իսկ Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկը», մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելուն դրդելու, օժանդակելու համար, ինչի հետևանքով տուժողը մահացել է:
Մեղադրող Գևորգ Գևորգյանը, հաստատված գնահատելով ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները, միջնորդել է Ալիկ Բանդուրյանին դատապարտել 8 տարի, Պետրոս Իսրայելյանին՝ 14 տարի, իսկ Արմեն Գասպարյանին՝ 1 տարի 6 ամիս ազատազրկման:
Պաշտպանական կողմը պնդել է, որ ամբաստանյալներն անմեղ են ու պետք է արդարացվեն:
Ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանի շահերի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը հանդես եկավ ռեպլիկով՝ հիմնականում անդրադառնալով մեղադրող Գևորգ Գևորգյանի՝ նախորդ նիստում հնչեցրած ռեպլիկին: Պաշտպանը վրդովված էր մեղադրողի արտահայտած մտքից, թե պաշտպանական կողմը լավ չի տիրապետում քրեական գործի նյութերին:
Մասնավորապես՝ մեղադրողը նշել էր, թե ըստ դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ Մուշեղ Մուշեղյանի մոտ առկա է եղել նաև զստոսկրի կոտրվածք, որը ծանր վնասվածք է ու ընդգրկված է գործով առաջադրված մեղադրանքի ծավալի մեջ:
Երեմ Սարգսյանը, նշելով, թե մեղադրողը տուժողի զստոսկրի կոտրվածքի առկայությունն իր ռեպլիկում օգտագործել է որպես «հաղթաթուղթ», նույն եզրակացությունից մեջբերեց, որ տուժողի զստոսկրի թևի կոտրվածքը հրազենային կույր վնասվածքի հետևանք է՝ գնդակը մխրճվել է տուժողի զստոսկրի թևի մեջ, այդ գնդակը դուրս է բերվել դիակի դատաբժշկական փորձաքննության ժամանակ: Նույնիսկ Մուշեղյանի վիրահատության ժամանակ այդ գնդակը հայտնաբերված չի եղել:
Դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ նշված է, որ հրազենային գնդակային վնասվածքը տուժողի մի շարք ներքին օրգաններով անցնելով՝ ավարտվել է ձախ զստոսկրի մեջ:
Պաշտպանն ընդգծեց, որ Մուշեղ Մուշեղյանն է ինքն իրեն հրազենային վնասվածքը անզգույշ կրակոցով պատճառել, հետևաբար՝ Ալիկ Բանդուրյանի մեղադրանքի ծավալի մեջ տուժողի զստոսկրի կոտրվածքը չի կարող ներառվել:
Պաշտպանը վրդովմունք արտահայտեց, թե անհիմն մեղադրանքը «թափահարելով»՝ տևական ժամանակ մարդուն պահում են կալանքի տակ:
Պաշտպանը նշեց՝ մի՞թե ամբողջ միասնական դատախազությունը դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ չի նկատել այն հանգամանքը, որ տուժողի զստոսկրի թևի կոտրվածքը հրազենային վնասվածքի հետևանք է: Իսկ եթե այդ «չնկատելը» անփութության արդյունք է, ապա, ըստ պաշտպանի, գործով մեղադրողը անհապաղ պետք է հրաժարվի մեղադրանքից, անհապաղ պիտի ներողություն խնդրի ամբաստանյալներից, իսկ կալանքի տակ գտնվող ամբաստանյալները պիտի անհապաղ ազատ արձակվեն…
Պաշտպան Ե. Սարգսյանը նշեց՝ մեղադրողի կողմից համարձակ ենթադրություն է արվել, թե պաշտպանական կողմը չի տիրապետում քրեական գործի նյութերին, բայց իր կարծիքով՝ հարց է՝ մեղադրանքի կո՞ղմն ինչքանով է մանրամասն տիրապետում քրեական գործի նյութերին:
Երեմ Սարգսյանն ընդգծեց՝ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքում ձևակերպված է, թե խմբի կողմից բահերի կոթերի ու մահակների բազմաթիվ հարվածներով վնասվածքներ են հասցվել Մուշեղ Մուշեղյանին, սակայն գործի փաստական հանգամանքներում նման տվյալներ չկան:
Պաշտպանը ևս մեկ անգամ անդրադարձավ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների, «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական գործողության ու դրա հիման վրա կատարված փորձաքննության եզրակացության՝ որպես ապացույցների անթույլատրելիության հարցին, նշեց, որ այդ ապացույցները վերաբերելի, թույլատրելի ու արժանահավատ ապացույցներ չեն կարող համարվել:
Պաշտպանն ընգծեց, որ օպերատիվ-հետախուզական գործողությունները չեն կարող փոխարինել քրեական դատավարության օրենսգրքով սահմանված՝ քննչական գործողությունների ընթացակարգերին: Օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքները որպես ապացույց ներկայացնելը օրինականության կոպիտ խախտում է, վարույթն իրականացրած մարմնի «անօգնականությունը թաքցնելու միջոց». «Բոլորս նստենք, դատարանի հետ միասին՝ օպերատիվ աշխատողի ներկայացրած ապացույցների՞ն հավատանք… Այստեղ ապացույցների վերաբերելիության խնդիր կա…»:
Պաշտպանը հռետորական հարց հնչեցրեց՝ ո՞վ է ասում, որ «Ներքին դիտում» գործողության ընթացքում կատարված ձայնագրությունն է ներկայացվել փորձաքննության, և ո՞վ կարող է հաստատապես պնդել, թե փորձաքննության ներկայացվածը հենց Ալիկ Բանդուրյանի ձայնն է…
Պաշտպան Երեմ Սարգսյանը չգիտես ինչու՝ մինչև անգամ մեջբերում կատարեց ՌԴ սահմանադրական դատարանի որոշումից: Այդ մեջբերման վերաբերյալ քիչ անց մեղադրող ԳևորգԳևորգյանն իր տարակուսանքը հայտնեց ու ասաց, որ այն ընդհանրապես քննարկման ենթակա չէ:
Ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանի շահերի պաշտպան, փաստաբան Միհրան Պողոսյանը նույնպես ռեպլիկով հանդես եկավ՝ շեշտելով, որ գործի փաստական տվյալները փորձել են «հարմարեցնել» առաջադրված մեղադրանքներին, և ենթադրությունների հիման վրա առաջադրված մեղադրանքներով մարդկանց պահում են կալանքի տակ:
Պաշտպանն ընդգծեց, որ Մուշեղ Մուշեղյանի մահվան պատճառ են հանդիսացել երկու ծանր վնասվածքներ՝ դանակի հարվածով առաջացած թափանցող ծանր վնասվածքն ու հրազենային ծանր վնասվածքը: Վերջինը պատճառվել է հենց տուժողի կողմից, իսկ դանակի հարվածը հասցրել է Գևորգ Ավետիսյանը, որը նույնպես մահացել է: Իսկ ո՞ր փաստական հանգամանքով է հաստատվել, որ Պետրոս Իսրայելյանը խմբի կազմում մահ է պատճառել Մուշեղ Մուշեղյանին՝ հռետորական հարցադրում կատարեց պաշտպանը: Ընդհանրապես՝ հանցավոր խմբի առկայությունը գործով ապացուցված չէ՝ ըստ պաշտպանի:
Մեղադրող Գևորգ Գևորգյանը ևս ռեպլիկով հանդես եկավ՝ պնդելով իր նախորդ ասածները և նշելով, թե բոլոր պաշտպաններին նկատի չի ունեցել՝ ասելով, թե պաշտպանական կողմը լավ չի տիրապետում քրեական գործի նյութերին… Մեղադրողն անհիմն համարեց պաշտպանի ասածը, թե ամբաստանյալները կալանքի տակ են պահվում դատախազության «անփութության» պատճառով՝ կալանքի որոշումները կայացնում է դատարանը, ու եթե չլինեին կալանքի համար անհրաժեշտ հիմքեր, կալանքի որոշումներ չէին կայացվի…
Դատարանը հարցում էր կատարել ու տեղեկանքներ էր ստացել ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից՝ ամբաստանյալների նախկին դատվածությունների վերաբերյալ: Այդ տեղեկատվությունն անհրաժեշտ է՝ վերջին Համաներման ակտի կիրառության հարցը քննարկելու առումով՝ եթե նախկինում որևէ համաներման ակտ կիրառված լինի տվյալ ամբաստանյալի նկատմամբ, ապա վերջին Համաներման ակտը կիրառելի լինել չի կարող:
Տվյալ գործով նախագահող դատավորը միայն Արմեն Գասպարյանին հարցրեց՝ նա չի՞ առարկի, եթե դատարանը, խորհրդակցական սենյակում դատական ակտ կայացնելու ժամանակ, եթե օրենքով թույլատրելի լինի՝ նրա նկատմամբ կիրառի Համաներման ակտն ու քրեական գործի նրա մասի վարույթը կարճի:
Արմեն Գասպարյանը՝ «Բդոն», չառարկեց:
Մյուս երկու ամբաստանյալներին նման հարց չտրվեց՝ նրանց մեղսագրված արարքների վրա համաներումը չի տարածվում…
Նիստի ավարտին՝ վերջին խոսք ասելուց առաջ ամբաստանյալների նյարդերը տեղի տվեցին:
Մեղադրողի խոսքի ավարտին, երբ վերջինս պահանջեց ոչ թե վերացական հայտարարություններ հնչեցնել գործի՝ «պատվիրված» լինելու վերաբերյալ, այլ կոնկրետ հաղորդմամբ հանդես գալ, եթե կոնկրետ փաստեր ունեն, «Չարբախցի Գեղամը» սկսեց տեղից խոսել: Նախագահող դատավորը պահանջեց, որ նա ոտքի կանգնի, բայց նա համառորեն չէր կանգնում, միայն րոպեներ անց կանգնեց՝ նախագահողին ասելով. «Քո խաթր եմ կանգնում, որ կին ես»: Նախագահողը նշեց, որ դատարանում «խաթրով» չեն առաջնորդվում, այլ՝ օրենքներով: Իսկ «Չարբախցի Գեղամն» ասաց. «Ես պարտավոր չեմ օրենքներին ենթարկվել, էն էլ՝ սենց օրենքներին»:
Նախագահողը սանկցիա կիրառեց՝ նախազգուշացում հայտարարեց ամբաստանյալին, բայց նա շարունակում էր տեղից խոսել:
Նյարդայնացավ նաև Նորատուսցի Ալիկը ու, ինչ-որ տեղ՝ որպես վերջին խոսք հնչեցրեց հետևյալը. «Վովա Գասպարյանի պատվերով բռնել են, պատվերով նստցրել են, ճնշումներ են, անմեղ նստած ենք, դատարանից խնդրում եմ արդարացի որոշում…»:
Մյուս երկու ամբաստանյալները վերջին խոսք չասացին:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու:
Դատական ակտը կհրապարակվի դեկտեմբերի 18-ին:








































