Խորհրդարանական ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցը` ENEMO-ն այսօր հրավիրած ասուլիսում ներկայացրեց Հայաստանի ԱԺ արտահերթ ընտրություններում իրականացրած դիտորդական առաքելության նախնական արդյունքները: Առաքելության ղեկավար Զլատկո Վույովիչն ասաց, որ ընտրություններն անցկացվել են խաղաղ ու ապահով պայմաններում, համապատասխանել են միջազգային ստանդարտներին:
“Սա խոստումնալից է, երբ մենք խոսում ենք համակարգի կայացման մասին՝ արդար ընտրություններ անցկացնելու առումով: Նախընտրական քարոզարշավն իրականացվել է հանգիստ պայմաներում, իսկ ընտրությունների ժամանակ բոլորը կարողացել են արտահայտել իրենց կամքը”,- հայտարարեց նա:
Եթե խախտումներ եղել են, ապա, ըստ նրա, դրանք հիմնականում եղել են տեղեկատվության պակասի պատճառով:
“Մեր նախնական եզրակացության մեջ մենք ընդգծում ենք, որ ընտրություններն անցկացվել են հաջող, և հույս ունենք, որ նոր Ազգային ժողովը կզբաղվի Ընտրական օրենսգրքի բարեփոխումներով: Եթե նման բարեփոխումներ չլինեն, ապա հաջորդ ընտրությունները կարող են վտանգված լինել”,- հավելեց Զլատկո Վույովիչը:
Ըստ ENEMO-ի մանսագետների՝ դեռևս կան բաներ, որոնք հետագա բարեփոխումների կարիք ունեն, օրինակ, քվեները հաշվելու գործընթացը: Ըստ դիտարկումների՝ ընտրությունների գործընթացի բարեփոխման աշխատանքները դեռևս պետք է շարունակվեն:










































